Ադրբեջանցիները ոչնչացրել են Սղնախի գերեզմանատունը

95

Հայկական «Կովկասյան ժառանգության մշտադիտարկում» (“Caucasus Heritage Watch”) հետազոտական կազմակերպությունը հաստատել է Արցախի Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում հայկական գերեզմանատան ավերման փաստը, որի մասին առաջինը հաղորդել էր (https://t.co/fYBm2yD7tu) «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (MONUMENT WATCH) նախագիծը։ Տարածքը հողին է հավասարեցվել ճանապարհաշինության կապակցությամբ։

Կազմակերպությունը լուսանկարներ է հրապարակել իր թվիթերյան էջում։

MONUMENT WATCH-ը նախաձեռնել են Համլետ Պետրոսյանը (Երևանի պետական համալսարան) և Աննա Լեյլոյան-Եկմալյանը (Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտ, INALCO, Փարիզ)։

Monument Watch-ը հաղորդում է, որ գերեզմանատունը հիմնադրվել է 18-րդ դարի կեսերին ու մնացել է օգտագործման մեջ՝ մինչև հայերը 2020-ի աշնանային պատերազմից հետո տարհանել են գյուղը: «Արբանյակային պատկերը ցույց է տալիս, որ ավերումը տեղի է ունեցել ապրիլի 12-ից հունիսի 18-ն ընկած ժամանակահատվածում»։

«Սա Հին Թաղերից հետո երկրորդ պատմական գերեզմանատունն է, որ ավերվել է Վարանդա-Շուշի նոր ճանապարհի երկայնքով», – նշվում է թվիթերյան հրապարակման մեջ։

CHW-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել գերեզմանատների ավերումն ու հանդես գալ որպես իրենց տարածքում բոլոր մշակութային ժառանգության պահապան:

«Մայիսի 30-ին Վահե Հարությունյանը ֆեյսբուքյան հարթակում տեղադրեց արբանյակային լուսանկարներ, որոնցից հստակ երևում է, որ Ադրբեջանը քանդել, և հողին է հավասարեցրել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Սղնախ գյուղի  գերեզմանոցը, որը հիմնվել է 18-րդ դարի կեսերին և գործում էր մինչև օկուպացումը», – հունիսի 9-ին գրել էր «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում»-ը։