Թշնամին կրակ է բացել Սոթքի ուղղությամբ. հանքավայրի աշխատանքը դադարեցվել է

31

Ժամը 18։00-ի սահմաններում ագրեսոր ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել նաև Սոթքի հայ դիրքապահների ուղղությամբ։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը։
«Մի կես ժամ առաջ ստեղ էլ կրակոցներ եղել են, մոտ 15-20 րոպե տևողությամբ»,- ասաց նա։

Ավետյանի խոսքով՝ հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի։ Ավետյանը չի բացառում, որ Վարդենիսի մյուս բնակավայրերի դիրքերի ուղղությամբ ևս թշնամին կրակած լինի։

Սոթքի հանքավայրի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, անձնակազմը տարհանվել է: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են GeoPromining Gold-ից։

«Ժամը 17:15-ի սահմաններում փոխհրաձգություն է սկսվել, և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար ընկերությունը ստիպված է եղել դադարեցնել հանքի շահագործումը և տարհանել ողջ անձնակազմին։ Հանքը հիմա չի գործում»,- ասել են ընկերությունից։

Հիշեցնենք, որ այսօր ադերբեջանական ԶՈՒ-երը կրակ են բացել Տեղ համայնքի և Սոթքի ուղղությամբ։ Տեղում հակառակորդը նաեւ ականանետեր է կիրառել։ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։