Թուրքիայից կրկին ողջունում են Փաշինյանի քայլը

61
Նիկոլ Փաշինյան

Թուրքիան ողջունում է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ընդունված որոշումը և հուսով է, որ Երևանը հավատարիմ կմնա Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրին: Այս մասին РИА Новости-ին ասել է Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Ահմեդ Բերաթ Չոնքարը:

«Մենք ճիշտ ենք համարում, երբ ընտրություններն անցկացվում են ազատորեն, և իշխանությունը փոխվում է ըստ ժողովրդի կամքի: Ինչպես գիտեք, Թուրքիայում հեղաշրջումներ են եղել, վերջին փորձը եղել է 2016-ի հուլիսին: Կառավարությունների բռնի փոփոխությունը երկիրը հետագայում ներքաշում է քաոսի մեջ և լարվածություն ստեղծում ամբողջ տարածաշրջանում: Հետևաբար, Հայաստանում ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունների անցկացումը ճիշտ ուղի է», – ասել է Ահմեդ Բերաթ Չոնքարը:

Նա հույս է հայտնել, որ հայ ժողովուրդը կընտրի այնպիսի քաղաքականություն, որը կբերի նրան տնտեսական և քաղաքական կայունություն, խաղաղություն և բարգավաճում:

«Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա հաշվի առնելով տարածաշրջանում այնպիսի կարևոր դերակատարների մասնակցությունը, ինչպիսիք են Ռուսաստանը և Թուրքիան, և Ադրբեջանի կոռեկտությունը միջազգային իրավունքի տեսանկյունից այս հարցում, կարծում եմ, որ գործընթացը կշարժվի կայունության և խաղաղության հիման վրա: Ով էլ գա Հայաստանում իշխանության, պետք է հավատարիմ մնա Ղարաբաղի մասին համաձայնագրին և գործի միջազգային իրավունքի շրջանակներում՝ հանուն տարածաշրջանում խաղաղության, հանգստության և կայունության, – ասել է թուրք պատգամավորը` սպառնալով,- Հակառակ դեպքում՝ անհրաժեշտ կլինի կոշտ գործել, և դա չի բխում բուն Հայաստանի շահերից»։