Տեղեկատվական քաոսը շարունակվում է․ Արցախից հայտնում են, որ Փառուխը խաղաղապահների վերահսկողության գոտում է, ԱԳՆ հրապարակած քարտեզն այլ բան է ասում

185
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ մարտի 27-ի երեկոյան եւ այսօր՝ ժամը 12։00 դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:
 
«Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։ Ի շնորհիվ Արցախի զինված ուժերի խիզախ ջանքերի՝ հայկական կողմին հաջողվել է կասեցնել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների առաջխաղացումը եւ պահպանել Քարագլուխ լեռան հիմնական մասի հանդեպ տիրապետումը։
 
Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։ Աշխատանքները ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ադրբեջանական կողմի՝ ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի ԱԳՆ հրապարակած քարտեզում Փառուխում հայտնվել են ադրբեջանական հենակետեր, ինչը ակնհայտ տարբերվում է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հայտարարությունից։ 
 
ԱԳՆ-ն մասնավորապես ասում է․
 
2022թ. մարտի 28-ի առավոտյան ժամը 09.00-ի իրադրությունը արտահայտող քարտեզում երևում է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տեղադրված են ադրբեջանական հենակետեր:
 
Նշենք նաև, որ ՌԴ ՊՆ կայքում դեռևս չի հրապարակվել Արցախում իրենց իրականացրած գործողության մարտի 28-ի քարտեզը։