Տեր-Պետրոսյանը ՌԴ դեսպանին ասել է՝ կապ չունի Փաշինյանի հետ. politik.am

33
Politik.am-ը գրում է. Երեկ օրվա ավարատին պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, համաձայն որի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: ՀԱԿ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ շուրջ երկու ժամ տեւած զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանը եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը եւ ՌԴ դեսպանատան երրորդ քարտուղար Իգոր Ռատուշնյակը:

ՀԱԿ աղբյուրները տեղեկացնում են, որ հանդիպումը կայացել է Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ։ Ըստ կայքի աղբյուրի` Տեր-Պետրոսյանը մտահոգ է եղել, որ իր անունը կապում են գործող իշխանությունների հետ։ Առաջին նախագահը, գիտակցելով Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դերը, դեսպանի հետ հանդիպման ընթացքում բազմաթիվ փաստեր բերելով պնդել է, որ ինքը կապ չունի գործող իշխանությունների հետ։ Տեր-Պետրոսյանը վստահեցրել է, որ որպես փորձառու պետական այր չէր կարող հարաբերություններ ունենալ մի իշխանության հետ, որը տապալել է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները։ Տեր-Պետրոսյանն ասել է, որ ինքը թոշակառու մարդ ու քաղաական հետաքրքրություններ չունի եւ խնդրել է Փաշինյանի հետ վատ հարաբերությունները չպրոյեկտել իր վրա։ Տեր-Պետրոսյանի ՌԴ դեսպանի հետ տեղի ունեցած հանդիպումը մեզ հուշում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության տապալումը մոտ է։ Անհաջողությունից առաջ գործընկերներին «գցելը» Տեր-Պետրոսյանական մեթոդ է։