Տավուշում հուլիսի սահմանային կոնֆլիկտը հրահրել է հայկական կողմը․ Ռոբերտ Քոչարյան

60
Ռոբերտ Քոչարյան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 5TV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ այս ընթացքում վերջինիս լռությունը պայմանավորված էր ճշմարտության բացահայտմամբ։

«Կապիտուլյացիայից հետո բոլորը շատ ակտիվ սկսեցին խոսել այն ամենի մասին, ինչի մասին շատ քչերը, ներառյալ ես, խոսում էինք երկուսուկես տարի։ Ուղղակի ես համարեցի, որ ժամանակ է պետք մի քիչ, որ հանրությունը իմանա ամբողջությամբ ճշմարտությունը պատերազմի մասին, որից հետո նաև իմ խոսքը կլինի առավել առարկայական և միգուցե՝ մի քիչ էլ վերլուծական։ Ցավոք, հազարավոր կորուստներ էր պետք և հայրենիքի գրեթե մեկ երրորդի կորուստը, որ հանրությունը գիտակցի այս դառը ճշմարտությունը։ Իսկ դառը ճշմարտությունն այն է, որ այսպես կոչված՝ ժողովրդի իշխանությունը ծնկի բերեց սեփական ժողովրդին»,-նշել է նա։

2-րդ նախագահը նշում է, որ համոզված է՝ պատերազմից հնարավոր էր խուսափել․ «Հայաստանի իշխանությունն արեց ամեն ինչ պատերազմն անխուսափելի դարձնելու համար։ Արվեց ամեն ինչ։ Մենք կարող ենք ուղղակի կետերով անցնել։ Ես նոր բան չեմ ասելու, որովհետև հետևում էի մամուլին այս վերջին մեկ ամսվա ընթացքում, գրեթե ամեն ինչ ասված է։ Ուղղակի կարելի է ամփոփել այս ամենը, ի մի բերել՝ մեկ ամբողջական պատկերացում ձևավորելու համար, թե՝ ինչու։ Առաջինը՝ բանակցային գործընթացը մտցվեց փակուղի, մտցվեց գիտակցաբար, իրարամերժ հայտարարություններով ստեղծվեց մի վիճակ, որ համանախագահողները նույնիսկ չէին հասկանում, թե հայկական կողմն ինչ է ուզում, և ձևավորվեց տպավորություն, որ հայկական կողմն ուղղակի տարբեր հնարքներ է ստեղծում, հորինում՝ բանակցային գործընթացը փակուղի մտցնելու համար։ Պատերազմը սկսվել է այն պահին, երբ գրեթե ոչ ոք չէր կասկածում, որ բանակցային գործընթացը խոչընդոտվում և տապալվում է հայկական կողմի պատճառով։ Սա մեկ հանգամանք։

Երկրորդ․ Ըստ էության, հայկական կողմը, մեր իշխանությունները լեգիտիմիզացրել են Ադրբեջանի ագրեսիան Ղարաբաղի նկատմամբ։ Արցախի Հանրապետության գոյության իրավական հիմքը դա ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառումն է։ Հիմա մենք մեր հայտարարություններով փոխեցինք, ըստ էության, և հարցի կարգավորումը բերեցինք պետությունների տարածքային ամբողջականության տիրույթ։ Եվ սա է պատճառը, որ միջազգային հանրության կողմից այս պատերազմում Ադրբեջանի ագրեսիան դիտվում էր որպես տարածքային ամբողջականության վերականգնում։ Քանի՞ երկիր դատապարտեց Ադրբեջանին պատերազմ սկսելու համար։ Դուք կարո՞ղ եք ասել։ Սրա անունը ի՞նչ է, եթե ոչ դիվանագիտական կռախ ուղղակի, ձախողում։ Պատերազմ սկսող կողմը չդատապարտվեց պատերազմ սկսելու համար․ պատճառը մեկն է՝ վերականգնում է իր տարածքային ամբողջականությունը, իսկ այդպիսի ընկալումը մեր իշխանությունների ուղղակի մեղքն է։ «Արցախը Հայաստանն է և վերջ»-ը մի բանաձև է, որը նշանակում է ուղղակի տեղափոխել հարցը հայ-ադրբեջանական հարաբերությունների տիրույթ, տարածքային ամբողջականության հարաբերությունների տիրույթ։ Սա է պրոբլեմը, նաև այս ընթացքը։ Ի դեպ, այս երկու հարցի ուղղակի մեղավորը Հայաստանի վարչապետն է։ Ինքը սկսեց զրոյական կետից, իր սեփական կետից։ Իր սեփական կետն այն է, ինչ-որ ես ասացի։ Հաջորդը․ Տավուշում հրահրած սահմանային կոնֆլիկտը»,-նշեց նա։

Քոչարյանի խոսքով՝ հուլիսյան բախումը հրահրել է հայկական կողմը։

«Գիտե՞ք, երբ որ գլխավոր շտաբի պետն ասում է, որ հունիսի 12-ին ինքը զեկուցագիր է ուղարկել առ այն, որ Հայաստանը պատրաստ չէ պատերազմին և դրանից մեկ ամիս անց հրահրել այդպիսի միջադեպ, ուռճացնել այդ միջադեպի նշանակությունը, 70 հոգու «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրել և խոսել այն մասին, որ մենք հաղթեցինք և՛ Ադրբեջանին, և՛ Թուրքիային, սա ի՞նչ էր, եթե ոչ պատերազմի հրահրում։ Եթե դու գիտես, որ դու պատրաստ չես, ինչո՞ւ ես դիմել այդ քայլին։ Արդյո՞ք մտածում էիք, որ ուղղակի Թուրքիան և Ադրբեջանը կուլ են տալու։

Հաջորդը․ Պաշտպանության նախարարի հայտնի թեզը՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ»․ հիմա հարց է առաջանում՝ պաշտպանության նախարարի այդ թեզը որևէ առնչություն ունե՞ր գլխավոր շտաբի կարծիքի հետ, թե՞ չուներ։ իրենք իրար հետ գոնե քննարկո՞ւմ էին մեր հնարավորությունները, թե՞ չէին քննարկում։ Ո՞նց էր վարչապետի մոտ համալրվում այս երկու մոտեցումը՝ Գլխավոր շտաբի և Պաշտպանության նախարարի։ Բայց սա մի կողմ դնենք։

Ըստ էության, մենք հնչեցրել ենք պաշտպանության նախարարի միջոցով Ադրբեջանի նկատմամբ այնպիսի սպառնալիք, որի ամենից կարճ չեզոքացման ճանապարհը դա Թուրքիայի ներգրավումն է պատերազմի մեջ։ Դու ասում ես մի բան, որի համար բավարար ուժ չունես, որին ընդունակ չես գնալու, բայց քո խոսքով դու դրդում ես քո թշանմուն Թուրքիայի հետ շատ ավելի ինտեգրված պաշտպանական համակարգում համագործակցության։ Եվ մենք տեսանք դրա արդյունքը։

Ինչո՞ւ եք դատարկախոսության զբաղվել, եթե, այսպես ասած, տակը բան չունեիք։ Եվ սա ևս արվում էր կառավարության անդամի կողմից, և վստահաբար կարող ենք ասել, որ վարչապետի գիտությամբ։

Կարելի է մի շարք այլ օրինակներ բերել։ Այս ամենը, համադրության մեջ, միասին ստեղծել է մի վիճակ, երբ դու Ադրբեջանին շանս չես թողել հույս պահելու, որ դիվանագիտական ճանապարհով ինքը կարող է որևէ բանի հասնել։ Իսկ եթե այդպիսի շանս չես թողնում, մնում է պատերազմը։

Ի դեպ, կարելի էր այդպես պահել միայն այն պարագայում, երբ դու ունես այնպիսի առավելություն, դու այնքան ուժեղ ես, որ կարող ես, կոպիտ ասած՝ թքած ունենալ նման կարգի նրբերանգների վրա։ Բայց այդպես չէ ռեսուրսների առումով, բնակչության քանկի, բյուջեի ծավալի, ՀՆԱ-ի․ այդպես չէ։ Եվ կրկնեմ՝ մեր իշխանությունը, գիտակցելով թե չգիտակցելով, արել է ամեն ինչ այդ պատերազմը անխուսափելի դարձնելու համար։ Սա փաստ է»,-նշում է 2-րդ նախագահը։