Այս պահին անհրաժեշտություն չկա, որ Տավուշի գյուղերի բնակիչները տեղափոխվել այն վայրեր։ Իջևանում կայացած բրիֆինգի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նշենք, որ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը Facebook սոցցանցի իր էջում գրառում էր կատարել` հայտնելով, որ պատրաստ է ընդունել Տավուշի գյուղերի երեխաներին իր տուն, որպեսզի գիշերները հանգիստ ու ապահով քնեն։
«Տեղյակ եմ, որ գնդապետ Մնացական Բիչախչյանը ցանկություն է հայտնել իր տանը հյուրընկալել սահմանամերձ գյուղերի բնակիչներին։ Շատ շնորհակալ ենք նման առաջարկների համար։ Շատ զանգեր ենք ստանում նման բովանդակությամբ առաջարկներով, ինձ էլ են զանգել ընկերներ` ընտանիքներ հյուրընկալելու համար։ Այս պահին դրա անհրաժեշտությունը չկա»,–ասաց Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանի խոսքով՝ Տավուշի գյուղերի բնակիչները մնում են իրենց համայնքներում, և ամեն ինչ արվում է նրանց անվտանգությունն ապահովելու համար։ Իսկ եթե անվտանգության նկատառումներից ելնելով նրանց տեղափոխման հարց առաջանա` այդ մասին կհոգա պետությունը։














