Տարրական դասարաններում աշակերտների նկատմամբ դիմակ կրելու պահանջը ապօրինի է, վարչարարության իրականացումը`անհնար: Այս մասին գրել է սահմանադրագետ Վահե Գրիգորյանը։
«Հայտնի է դարձել, որ այն աշակերտները, ովքեր գնալու են դպրոց, ստիպված են լինելու կրել դիմակ:
Սույն պահանջի հետ կապված նախ նշեմ, որ դիմակի պարտադիր կրման պահանջի հակաիրավական ու հակասահմանադրական լինելուն բազմիցս անդրադարձել եմ, հիմա հնարավորինս սեղմ անդրադառնամ աշակերտների մեծամասնության նկատմամբ վարչարարության իրականացման անհնարինության մասին:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն «Վարչական պատասխանատվության ենթակա են այն անձինք, որոնց ՏԱՍՆՎԵՑ ՏԱՐԻՆ ԼՐԱՑԵԼ Է ՄԻՆՉԵՒ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՀԸ», այսինքն 16 տարին չլրացած անձանց հնարավոր չէ ենթարկել որևէ վարչական պատասխանատվության:
Երեխաների`դիմակ չկրելու հիմքով երեխայի ծնողներին ու այլոց չեն կարող տուգանել նույնպես, քանզի դա կհակասի պատասխանատվության անհատականացման սկզբունքին, որը թեև ամրագրված է ՀՀ քրեական օրենսգրքի 4-րդ հոդվածում, սակայն ենթակա է կիրառման նաև բոլոր այն դեպքերում, երբ խոսքը գնում է անձին պատասխանատվության ենթարկելու մասին. ընդորորում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը թույլատրում է նման հնարավորություն:
Առանձնակի ուղեղի ճողվածքներով կամ պատահաբար իրավաբանի որակավորում ստացած անձանց համար հատուկ նշեմ, որ վարչական պատասխանատվության ենթարկվելու նվազագույն տարիքի նվազեցումը կլինի ակնհայտ հակասահմանադրական, ուստի կխնդրեմ զերծ մնալ նման անհեռատես ու անհեթեթ մտքերից և դրանք կյանքի կոչելու անհագ ցանկություններից:
Շնորհակալություն»:














