Տարօրինակ կլինի, եթե հայ ժողովուրդը 2-րդ անգամ ասի՝ թեպետ Նիկոլ Փաշինյանը տապալել է, բայց թող շարունակի ղեկավարել․ Զատուլին

0
Կոնստանտին Զատուլին

Hraparak.am-ը գրում է․

Վլադիմիր Պուտինի՝ Россия-24-ին տված հարցազրույցը երկակի զգացողություններ առաջացրեց Հայաստանում։ ՌԴ նախագահի հարցազրույցը  խնդրեցինք մեկնաբանել ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինին։

– Պարոն Զատուլին, ՌԴ նախագահի հարցազրույցը Նիկոլ Փաշինյանին աջակցությո՞ւն էր, թե՞ հակառակը։ Կարծես թե աջակցություն էր, երբ ասում էր, որ ճիշտ չէ փողոցի միջոցով ներքաղաքական խնդիրներ լուծելը։

– Նա այն մասին չէր խոսում, որ փողոցը չի կարող պետության ճակատագիրը որոշել։ Նա խոսում էր այն մասին, որ երբ փողոցն է կամ ամբոխն է որոշում պետական իշխանության հարցը, սա սովորաբար ոչ մի լավ բանի չի բերում։ Կուզենայի նկատել, որ սա վերաբերելի է ոչ այնքան Հայաստանի այսօրվա իրավիճակին, որքան 2018թ․ իրադարձություններին։ Այսինքն՝ նրան, ինչի հետեւանքով տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը։ Որովհետեւ այդ թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության եկան, ինչպես պարզվեց՝ չպատրաստված ու ճգնաժամային իրավիճակում Հայաստանի եւ Արցախի պաշտպանունակության խնդիրը լուծելուն  ու երկիրը կառավարելուն անպատրաստ մարդիկ։

– Վլադիմիր Պուտինի․․․

– Վլադիմիր Պուտինն ընդամենը իր անհանգստությունն էր հայտնում, եւ հենց դա էլ իր հարցազրույցի շարժառիթն էր, որպեսզի կատարվածի տպավորության տակ չլինեին Փաշինյանին հեռացնելու փորձեր՝ այդ համաձայնությունը մերժելու նպատակով։ Որովհետեւ սա հավասարազոր կլիներ ինքնասպանության։ Այսինքն՝ «Փաշինյան, թե ոչ Փաշինյան»-ը զուտ ներհայաստանյան հարց է, բայց եթե դրան հետեւի նաեւ՝ «մենք մերժում ենք այդ պայմանավորվածությունները», ապա առաջանում է հարց․ իսկ ի՞նչ եղանակով, կարո՞ղ եք նորից դիմադրել։

– Այսինքն՝ տպավորություն է, որ «մավրն արեց կամ կանի իր գործը, մավրը կարող է հեռանա՞լ»։ Սա՞ է ՌԴ դիրքորոշումը։

– Իսկ ո՞վ է տվյալ դեպքում «մավրը», որն արել է իր գործը, եւ ո՞վ է նրան հարկադրել անել։ Մե՞նք ենք նրան հարկադրել։ Այնպիսի տպավորություն է, որ մենք ենք Փաշինյանին ստիպել ինչ-որ բան անել կամ չանել։ Մենք բացատրել էինք՝ բավականաչափ հասկանալի, այդ թվում ես՝ 2018-ի աշնանը, Հայաստանում գտնվելիս, որ մեծ կասկածներ կան, թե այս թիմն ի վիճակի է կատարել իր առջեւ դրված խնդիրները։ Կոռուպցիայի դեմ պայքար․ սա թե՛ հայաստանյան, թե՛ ամերիկյան հասարակությունում, թե՛ Ռուսաստանում անպարտելի տարբերակ է, որովհետեւ կոռուպցիա ոչ մի տեղ չեն սիրում։ Ասաց՝ վստահեցին։ Դե հիմա, վստահեցին՝ վստահեցին։ Հետո՞։ Բայց, բացի կոռուպցիան, երկիրը փաստացի գտնվում էր Ադրբեջանի հետ չհայտարարված պատերազմի մեջ, եւ այդ երկրում իշխանությունը հաշիվներ էր մաքրում ու շարունակում է մաքրել իր քաղաքական հակառակորդների հետ։

– Վլադիմիր Պուտինը նշեց նաեւ, որ մինչեւ ղարաբաղյան այս պատերազմը երբեք Շուշիի հարց չի դրվել:

– Ուզում եմ եւս մեկ անգամ ուշադրություն հրավիրել նրան, թե ինչ ասաց ՌԴ նախագահը։ Նա չհաստատեց մինչ այդ արված հայտարարությունները, թե հակամարտության սկզբից ի վեր՝ բոլոր փուլերում կարգավորման փորձերի ժամանակ խոսք է եղել այն մասին, որ ադրբեջանական կողմն ու միջնորդները պնդել են Շուշիի՝ Ադրբեջանին փոխանցման հարցում։ Եթե նկատեցիք՝ նա ասաց կոնկրետ ժամկետի մասին՝ հոկտեմբերի 19-20, եւ ասաց, որ Ադրբեջանի ղեկավարությունը պնդել է ադրբեջանական փախստականների վերադարձը Շուշի, այսինքն՝ արցախյան հակամարտությունից առաջ Շուշիում բնակվող ադրբեջանական բնակչության, բայց ո՛չ Շուշի քաղաքն Ադրբեջանի իրավասության ներքո հանձնելու։ Պուտինն ընդգծեց՝ «ադրբեջանական փախստականների վերադարձ», այսինքն, որ սա հայկական տարածք է։ Այ, իմ հայացքով՝ Հայաստանում իշխանության ոչ կոմպետենտությունն արտահայտվեց նրանում, որ ամբողջությամբ չտիրապետելով, թե ինչ է կատարվում, եւ իրեն հաշիվ չտալով՝ իշխանությունը մերժեց, եւ դրա արդյունքում ստիպված եղան համաձայնել շատ ավելի վատ տարբերակի։ Փաստացի՝ Շուշիի եւ այլ տարածքների կորստյան պայմաններում։ Չեմ ուզում օգտագործել տերմիններ, որոնք շատ են օգտագործվում Հայաստանում՝ «Փաշինյանի դավաճանություն» եւ այլն, քանի որ այնքան էլ չեմ հավատում, որ Փաշինյանը գիտակցաբար ինչ-որ դավաճանության է գնացել։ Ես, օրինակ, տեսնում եմ, ու սա ժամանակի ընթացքում ավելի պարզորոշ է դառնում, որ Փաշինյանը, նաեւ՝ իր թիմը, Հայաստանի ոչ կոմպետենտ ղեկավար է, որը չի կարողանում լուծել վերը նշված խնդիրները՝ պաշտպանունակություն եւ երկրի կառավարում։ Նա, որքանով ես տեղյակ եմ, այսօր հանդես է եկել ապագա՝ մինչեւ 2021 թ․ կեսերը գործողությունների ծրագրով, որոնց հետ կարելի է նաեւ համաձայնել։ Բայց ի՞նչ երաշխիք, որ Փաշինյանն ու իր թիմը կարող են այն ի կատար ածել։ Որտե՞ղ է երաշխիքը եւ, առհասարակ, վստահությունը, որ այդ թիմը դրան ունակ է։ Ես, օրինակ, չունեմ նման վստահություն, ավելին՝ միանգամայն վստահ եմ, որ նրանք դրան ունակ չեն։ Ունակ չեն կոնսոլիդացնել Հայաստանն ու անցնել այդ փորձությունների միջով։ Իսկ ինչ վերաբերում է նրան՝ պետք է, թե ոչ, հնարավոր է, թե ոչ վերադառնալ Շուշիի հարցին, ապա առաջարկում եմ հիմա ինձ նման հարցեր չտալ։ Հիմա պարզ է, որ Հայաստանը դիմադրելու ուժ չունի։ Եվ այդ իմաստով միանգամայն ճիշտ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, երբ խոսում է այն մասին, որ հայտարարմամբ ստանձնած պարտավորություններից հրաժարումը հավասարազոր է ինքնասպանության։ Դա նշանակում է ռազմական գործողությունների վերսկսում։ Մենք էլ ենք մեր պատմության ընթացքում ունեցել ժամանակաշրջաններ, երբ չենք ունեցել դիմադրելու հնարավորություն։ Կարող եմ նշել՝ Բրեստի խաղաղության համաձայնագիրը։ Այն կնքել էին բոլշեւիկները Գերմանիայի հետ, եւ հետո եկան այլ ժամանակներ, ու ամեն ինչ այլկերպ լուծվեց։ Իսկ հիմա ակնհայտ է, որ պետք է կատարել այս հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։ Իսկ ում եւ ինչպես ընտրել՝ սա հայ ժողովրդի գործն է։ Եվ շատ տարօրինակ կլինի, եթե հայ ժողովուրդը երկրորդ անգամ ասի՝ լավ, թեպետ Նիկոլ Փաշինյանն այս ամենը տապալել է, բայց՝ ոչինչ, թող շարունակի ղեկավարել մեզ։ Կասի՞ հայ ժողովուրդը նման բան՝ Ձեզ եմ հարց ուղղում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում