Տաջիկստանը ՀԱՊԿ-ի անդամներին կոչ է արել օգնել Աֆղանստանի հետ սահմանի պահպանության հարցում

57
ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) կից Տաջիկստանի մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Հասան Սուլթոնովը միավորման անդամներին կոչ է արել համապատասխան գործող համաձայնագրի շրջանակներում օգնություն ցուցաբերել Աֆղանստանի հետ սահմանի պահպանության գործում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Տաջիկստանը, որպես Աֆղանստանի հետ ամենաերկար սահման ունեցող երկիր, անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում իրավիճակը զսպելու եւ այդ երկրից եկող սպառնալիքներին ու մարտահրավերներին դիմակայելու համար: Բայց, հաշվի առնելով տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ այն, որ Աֆղանստանի հետ սահմանի առանձին հատվածներ գտնվում են դժվարամատչելի լեռնային տեղանքում, միայնակ այդ խնդիրը լուծելը բարդ է թվում», – ասված Է ՀԱՊԿ-ի Մշտական խորհրդի նիստում տաջիկա-աֆղանական սահմանի իրադրության վերաբերյալ ներկայացուցչի ելույթում, որի տեքստը հրապարակվել Է կազմակերպության կայքում:

Նրա խոսքով՝ «այդ հանգամանքները մեզանից պահանջում են համարժեք արձագանք ՀԱՊԿ շրջանակներում, այդ թվում՝ միջոցներ ձեռնարկել հարավային սահմանների պաշտպանության ներուժի ուժեղացման ուղղությամբ»:

«Այս համատեքստում արդիական է մնում Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) 2013 թվականի սեպտեմբերի 23-ի «Տաջիկստան-աֆղանական սահմանի ամրապնդման գործում Տաջիկստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու մասին» որոշման կատարման ապահովման անհրաժեշտությունը: Այդ պատճառով էլ ցանկանում ենք կոչ անել կազմակերպության անդամ պետություններին իրենց լուման ներդնել նշված փաստաթղթի ամբողջական իրագործման մեջ», – ասել է Սուլթոնովը։