Սյունիքում զորքի հետքաշման հրամանը անձամբ ես եմ տվել, ԱԽ նիստ չի եղել. Փաշինյան

542

Սյունիքում զորքերի հետքաշման հրամանը եղել է բանավո՞ր, թե՞ գրավոր, և ո՞վ է հնչեցրել այն։ Նման որոշում կայացնելուց առաջ ԱԽ նիստ կայացե՞լ է։ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին այս հարցն ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Պատգամավորը նշեց, որ ադրբեջանցի սահմանապահներն այսօր հայտնվել են Սյունիքում, որովհետև դեկտեմբերի 18-ին եղել է զորքերի հետքաշման հրաման, որը նախատեսված չի եղել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Սյունիքի հետ կապված հարցին ԱԺ ամբիոնից պատասխանել է.

«Ես երբևէ հրաժարվել ե՞մ, որ այդ որոշման պատասխանատուն եմ։  Գրավոր է եղել, թե բանավոր է եղել, իրենց ընթացակարգերով են տալիս հրամանները։ Քննարկում եղել է։ ԱԽ նիստ չի եղել, բայց ԱԽ բոլոր անդամները, Սյունիքի մարզպետը, ԱԳ նախարարը, որ ասում էր՝ մենք տեղյակ չենք, մասնակցել են այդ քննարկմանը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը`հավելելով,- ես եմ որոշել հետ քաշել, Վաղարշակ Հարությունյանն էլ իրականացրել է։