Սյունիքում Ադրբեջանը շուրջ 900 հեկտար տարածք է բռնազավթել

184
44-օրյա պատերազմից հետո Բաքուն ՀՀ տարածքի Սոթք-Խոզնավար (Գեղարքունիքից Սյունիք) հատվածում ավելի քան 45 քառակուսի կմ տարածք է գրավել։ Այսպիսին են պաշտոնական տվյալները։ Հայ զինվորականի մահվան կապակցությամբ ԱԳՆ-ի վերջերս արած հայտարարության մեջ ասվում էր, որ 2021 թվականի մայիսից Ադրբեջանի ԶՈւ-ն Սոթք-Խոզնավար հատվածում «ապօրինի կերպով ներխուժել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և օկուպացրել ավելի քան 45 քառակուսի կիլոմետր տարածք»։
Դեռ 2021 թվականի դեկտեմբերին ԱԳՆ-ն հայտարարել էր ավելի քան 40 քառ. կմ օկուպացնելու մասին (չնշելով կոնկրետ հատվածը)։
Ադրբեջանական ստորաբաժանումները, սակայն, ներխուժում են իրականացրել ոչ միայն Սոթք–Խոզնավար հատվածում։ Նրանց առաջխաղացումը նկատելի է և պաշտոնապես հաստատվել է Ներքին Հանդ գյուղի շրջանում և դրանից ավելի հարավ ընկած հատվածում` Վարդասար բարձունքի տարածքում։
Sputnik Արմենիան փորձել է հաշվարկել Ներքին Հանդ գյուղ-Բարդութաղք (Բարթազ) լեռ հատվածում այս տարվա մայիսի 28-ի դրությամբ ադրբեջանցիների վերահսկողության տակ առնված տարածքի մակերեսը։
Հաշվարկներն իրականացվել են` հիմնվելով Google Earth-ի և Sentinel Hub-ի արբանյակային լուսանկարների և գործիքների վրա` ուղիղ գիծ անցկացնելով նշված շրջանում արդեն իսկ հայտնի ադրբեջանական դիրքերի միջև։
Կոպիտ հաշվարկներով` Սյունիքի այդ հատվածում Ադրբեջանի անմիջական վերահսկողության տակ է գտնվում մոտ 9 քառ. կմ (մոտավորապես 900 հա) ՀՀ տարածք։ Սակայն պետք է հաշվի առնել այն, որ ադրբեջանական դիրքերը տեղակայված են գերիշխող բարձունքների վրա, ինչը հնարավորություն է տալիս շատ ավելի մեծ տարածք տեսնել։
Հարկ է նշել, որ ադրբեջանական ԶՈւ-ն չի դադարում ակտիվ ինժեներական աշխատանքները հայկական տարածքում։ Ընդամենը 1-2 ամիս առաջ նրանք ամրապնդեցին իրենց դիրքերը Ներքին Հանդ գյուղի մոտ միանգամից երկու ուղղություններով, ինչի մասին գրել ենք։
ՀՀ ՊՆ-ն, ի պատասխան մեր հրապարակման, հայտարարել է, որ առաջխաղացումը տեղի է ունեցել պատերազմից հետո, մասնավորապես` 2021 թվականի գարնանը։
Սակայն առաջխաղացման փաստը նկատելու համար բավական է միայն նայել ՊՆ-ի նախորդ պարզաբանումը (այնտեղ արձանագրված է ուղղություններից միայն մեկը) և համեմատել 2022 թվականի ապրիլ և մայիս ամիսներին արբանյակից (Sentinel 2) արված լուսանկարները։