Սյունիքի նորաթուխ մարզպետը չի այցելել Ներքին Հանդ, բայց պնդում է, որ թշնամին առաջխաղացում չունի

284

Սյունիքի նորանշանակ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը այսօր չի այցելել Ներքին Հանդ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար, բայց վստահեցնում է, որ հակառակորդի առաջխաղացման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Նշենք, որ ավելի վաղ Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ահազանգել էր, որ ադրբեջանցիները գյուղի ուղղությամբ մոտ մեկ կիլոմետր առաջ են եկել, 5 վրան տեղադրել ու իրենց հսկողության տակ վերցրել ջրի ակունքը, նշանառության տակ պահում գերեզմանոցը։

Այս առիթով «Փաստինֆո»-ն կապ հաստատեց Սյունիքի մարզպետի հետ՝ գյուղում տիրող իրավիճակի մասին տեղեկություններ ստանալու համար:

Սյունիքի մարզպետն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ դեռևս չի այցելել Ներքին Հանդ, վաղն է այցելելու գյուղ, բայց վստահեցրեց, որ կապի մեջ է տեղի բնակիչների հետ.

«Ֆիզիկապես չեմ եղել Ներքին Հանդում, բայց եթե լինել էի, չէի կարող այդ պահին նկատել այդ ամենը: Ես վաղն եմ մեկնում Ներքին Հանդ, կհանդիպեմ բնակիչների հետ՝ տեղում իրավիճակին հասկանալու համար: Ինձ հասած տեղեկություններով՝ գյուղապետն ինչ-որ անհատի տված տեղեկատվության հիման վրա է նման հայտարարություն արել, վաղը կգնամ, կխոսեմ իր հետ, բնակիչների հետ, կհասկանամ՝ որտեղից է եկել այս ամեն ինչը»,-ասաց Ռոբերտ Ղուկասյանը:

Սյունիքի մարզպետը թեև չի եղել Ներքին Հանդում, բայց վստահեցնում է, որ հակառակորդի առաջխաղացման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.

«Ես առաջնորդվում եմ միայն ՊՆ հաղորդագրությամբ, կապվել եմ սահմանապահ զորքերի և ՊՆ հատուկ բանակային կորպուսի հրամանատարի հետ և արդեն համոզվել եմ, որ այդ ամենն ապատեղեկատվություն է»- ասաց Ռոբերտ Ղուկասյանը:

Նշենք, որ ՊՆ-ն ադրբեջանցիների ներկայությունը չի հերքել, այլ իր ոճով մեկնաբանել է, իբր թե թշնամին հետ է վերադարձել այդ դիրքեր։