Աղետ Ստեփանավանում. բնակիչներն ահազանգում են

31

Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել. «Բնակիչներն ահազանգում են, որ Արմանիսի հանքավայրից Ձորագետ են լցվում անհասկանալի նյութեր՝ մեծ քանակությամբ: Այսօր Ստեփանավանի քաղաքապետը՝ համապատասխան հանձնաժողովի և ոստիկանության ներկայացուցչի հետ, այցելել է Ձորագետի այն հատվածը, որտեղ լցվում են թափոնները: Նշված տարածքում պարզ է դառնում, որ ծանր մետաղների պարունակությամբ ջուրն անարգել լցվում է գետը, փոխելով ջրի գույնը, բացի դա՝ նույն վայրում տեսանելի են չորացած ծառեր, որը հավանաբար այդ թափոնների հետևանք է: Նշենք, որ նման ահազանգ հնչում է ոչ առաջին անգամ: Քաղաքապետարանում կազմված հանձնաժողովի ներկայացուցիչները, գետի երեք հատվածնքերից ջուր են վերցրել, որը կուղարկվի փորձաքննության, իսկ կազմված արձանագրությունը կուղարկվի Լոռու մարզպետարան:

Ստեփանավանի համայնքապետարանը հորդորում է հանքի պատասխանատուներին՝ օր առաջ միջոցներ ձեռնարկել այս աղետը կանխելու ուղղությամբ»:

Իր հերթին Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) նախաձեռնության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է։ Ահա, թե ինչից են փրկվել Ամուլսարը, Ջերմուկն ու Վայոց ձորի ու Սյունիքի մարզերը։


Այս լուսանկարները տիպիկ թթվային դրենաժի մասին են, ահազանգը հնչեցրել է Ստեփանավանի խոշորացված համայնքապետարանը։

Էկոլոգիական հանցագործություն էր Ստեփանավանի նման հրաշք տարածաշրջանում հանքի շահագործման թույլտվություն տալն առաջին հերթին, օֆշորային անհայտ ընկերության կողմից բացահանքի շահագործումն ու 2015-ից հանքը լքելը։

Էս հալին դեռ կիպրոսյան օֆշորի դուստր «Սագամար» ընկերությունը ցանկանում էր Լոռվա տարածաշրջանում հանքի նոր հետախուզություններ անել։

Ձորագետն ու դրանով ոռոգվող բոլոր տարածքները խիստ վտանգի տակ են։

Հիշեցնենք՝ թթվային դրենաժը նկարներում երևացող խիտ լուծույթն է, որն առաջանում է բաց ապարաշերտերում և որի մեջ սուլֆիդների բարձր մակարդակի շնորհիվ հազարապատիկ անգամ արագ լուծվում են ծանր մետաղներն ու խառնվում մակերևույթային և ստորերկրյա ջրային ավազաններին, ներծծվում հողում։ Այն կարող է տևել տասնյակ ու հարյուրավոր տարիներ»։