Ստեփանակերտում անհայտ կորած կամ գերեվարված զինծառայողների ծնողները պահանջում են հանդիպում խաղաղապահների կամ Կարմիր խաչից որևէ մեկի հետ

45

Այսօր Ստեփանակերտում տեղի է ունեցել պատերազմում անհայտ կորած կամ գերեվարված զինծառայողների հարազատների բողոքի ակցիան։

Նրանք պահանջում են հանդիպել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական կողմի ներկայացուցիչների հետ։
Անհայտ կորած զինծառայողի հայր Արմեն Ասրյանի խոսքով՝ իրենք ճարահատյալ են դիմել փողոցը փակելու քայլին՝ ցանկանալով լսելի դարձնել իրենց ձայնը․
Նրա խոսքով՝ ամեն րոպեն մեծ նշանակություն ունի։
«Երկու ամիս է՝ մարդիկ անորոշ վիճակում են։ Կենդանի մարդ դեռևս չի գտնվել, երկու օր առաջ նոր սպանված 5 դիակ են դուրս բերել։ Այսինքն՝ ոչ պատշաճ միջոցառումների պատճառով այդ մարդկանց գնդակահարված են հանձնել։ Այստեղ հավաքված բոլոր մարդկանց պահանջն է, որպեսզի խաղաղապահների, Կարմիր խաչի ներկայացուցիչները դուրս գան այստեղ, հստակ տեղեկություն տան։ Պայմանագրով նշված էր տարածքների հանձնման, գերիների ու զոհվածների մարմինների փոխանակման մասին։ Փաստորեն հանձնվել են, իրենց օգտին բոլոր պահանջները կատարվում են, բայց գերիների, զոհվածների մարմինների հարցում նորմալ տեղաշարժ չկա, Հադրութի շրջանը մինչև օրս նորմալ չի հետազոտվել»,- ասել է Արմեն Ասրյանը։
Փողոցը փակած քաղաքացիների հետ հանդիպման են դուրս եկել ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը և Հատուկ հանձնարարությունների գծով ԱՀ նախագահի ներկայացուցիչ Վարրդան Բալայանը։
Լուսանկարները՝ Անժելա Ֆրանգյանի