Վանա լճի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

7

Սեպտեմբերի 6-ին Պոլսի հայոց պատրիարքարանը Վանա լճի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցում պատարագ կմատուցի։

Այս մասին հայտարարել է Վանի նահանգապետ և Վան քաղաքի քաղաքապետի պաշտոնակատար Մեհմեթ Էմին Բիլմեզը՝ ավելացնելով, որ այս տարի մասնակցությունը սահմանափակ է լինելու։

Բիլմեզը թեմայի վերաբերյալ մասնավորապես ասել է․ «Աղթամար կղզին և Վանա լիճը աշխարհի մշակութային ժառանգություններն են, որոնք ի պահ են տրվել մեզ՝ վանեցիներիս։ Աղթամար կղզու վրա պատմական եկեղեցի կա։ Մշակույթի ու տուրիզմի նախարարության հետ ստորագրված արձանագրության համաձայն՝ ամեն տարի սեպտեմբերի 2-րդ կիրակի օր եկեղեցում պատարագ է մատուցվում։ Այս տարի էլ, սեպտեմբերի 6-ին այնտեղ համաճարակային կանոնների պահպանմամբ, ավելի քիչ մասնակցությամբ պատարագ կմատուցվի։ Դրա համար կապ ենք հաստատել պատկան մարմինների հետ։ Մենք էլ մեր բոլոր հնարավորություններով այնտեղ պատարագ կազմակերպողների կողքին կլինենք։ Այս պատարագով կօգնենք մեր քաղաքի հանրահռչակմանը ու զբոսաշրջությանը»։

Հաղորդվում է, որ Կ․Պոլսի հայոց պատրիարքարանից պատարագը անցկացնելու համար ժամանելու է 25 հոգանոց անձնակազմ։

Հիշեցնենք, որ Աղթամարի Սբ․ Խաչ եկեղեցին կառուցվել է 915-921թթ․ Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու հրամանով։ Եկեղեցին կառուցել է հայտնի ճարտարապետ, նկարիչ և քանդակագործ Մանվելը (Մոնուել)։ 1113-1895թթ այնտեղ գործել է Աղթամարի առանձին կաթողիկոսարանը, որի վերացումից հետո նրան պատկանող վանքերն ու եկեղեցիներն անցել էին Պոլսի հայոց պատրիարքարանին։ Կղզին ու եկեղեցին լքվել է 1915 թվականին Հայոց ցեղասպանությունից հետո։