Սպիտակ նախկին համայնքապետը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Տիգրան Ավինյանին

105

Լոռու մարզի Սպիտակ քաղաքի նախկին համայնքապետ Գագիկ Սահակյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի։ Սահակյանը պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ Լոռու մարզպետի նախկին տեղակալ Քաջայր Նիկողոսյանին՝ Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու Տիգրան Ավինյանի որոշումը։ Հայցադիմումը դատարան մուտք է եղել հունիսի 16-ին և նույն օրը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Արշակ Ալավերդյանին։

Նշանակումը տեղի է ունեցել ընտրությունների նախաշեմին. հունիսի 15-ին Քաջայր Նիկողոսյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից և նշանակվել Սպիտակի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Համայնքապետի փոփոխությունը տեղի է ունեցել Գագիկ Սահակյանի լիազորությունների ժամկետը լրանալու պատճառաբանությամբ։ Ի դեպ, Գագիկ Սահակյանը դեռևս տարեսկզբին միացել է ընդդիմությանն ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, իսկ այժմ Սպիտակում գլխավորում է «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավը։