Սոթքի ոսկու հանքավայրի ղեկավարությունը քիչ առաջ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ պաշտոնապես հաստատելով Սոթքի բացի հանքի շահագործման դադարեցումը։
«Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է» վերտառությամբ «ԳՊՄ ԳՈԼԴ» ընկերության մամուլի ծառայության հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Ապրիլի 14-ի երեկոյան ժամերից սկսած ադրբեջանական զինուժի կողմից պարբերաբար կրակահերթեր են իրականացվում Սոթքի հանքավայրի ուղղությամբ։
Հանքավայրի աշխատող անձնակազմը բազմիցս փորձել է անցնել աշխատանքային պարտականությունների կատարմանը, սակայն դրան խանգարել է իրականացվող տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ։ Տուժածներ չկան, աննշան վնաս է պատճառվել տեխնիկային։
Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի։ Որպես հետևանք, Սոթքի բաց հանքում հետագա աշխատանքը անհնարին է դարձել ընկերության վերահսկողությունից անկախ հանգամանքների պատճառով։
Այդպիսով, ընկերությունը բախվել է անհաղթահարելի ուժի հանգամանքների ազդեցությանը (ֆորս մաժոր)։ Աշխատակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով, «ԳՊՄ ԳՈԼԴ»-ի ղեկավարությունը որոշում է կայացրել դադարեցնել բաց հանքի շահագործումը և անձնակազմին ուղարկել հարկադիր պարապուրդի»,- ասվում է հայտարարության մեջ։