Շուշին հանձնվել է Փաշինյանի ուղիղ հրամանով. կա այդ խոսակցության ձայնագրությունը. Արամ Գաբրիելյանով

182

168.am–ը զրուցել է ռուսաստանաբանկ մեդիամագնատ, հայազգի լրագրող, հրատարակիչ, «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ, «Բալթիական մեդիախումբ» հոլդինգի նախագահ Արամ Աշոտի Գաբրիելյանովի հետ:

– Վերջերս հրապարակվեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և ԱՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որում Արցախի նախագահն ասում էր, որ 10 օրից ավելի օգնություն է խնդրում Փաշինյանից, բայց այն այդպես էլ չի տրամադրվում: Ականատես եղանք նաև գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի ասուլիսին, որում նա շատ ծանր մեղադրանքներ հնչեցրեց Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ: Երկու դեպքերով էլ քրեական գործեր են հարուցված, բայց շուրջ 3-4 շաբաթ անց դեռ որևէ մեկի մեղադրանք չի առաջադրվել: Ինչո՞ւ:

– Իսկ դուք սպասում էիք, որ Փաշինյանին կամ նրա թիմին մեղադրա՞նք պետք է ներկայացվի: Փաշինյանը, ի՞նչ է, կարող է ասել, որ հրամայել է զորքին կռվե՞լ… Իհարկե, ոչ, նա չի տվել նման հրաման: Ասելու է, որ օգնությո՞ւն է ուղարկել Արցախ… Չի՛ ուղարկել: Ես ավելի ասեմ, Շուշին հանձնվել է Փաշինյանի ուղիղ հրամանով, և ես զարմանում եմ՝ ինչո՞ւ Արայիկ Հարությունյանն այդ մասին ուղիղ չի ասում: Վախենում է ու չի ասում:

Ես, իհարկե, կարծում եմ, որ հենց Փաշինյանին հեռացնեն իշխանությունից, Արայիկն անմիջապես կսկսի աղաղակել, որ՝ այո՛, Շուշին Փաշինյանի հրամանով են հանձնել: Ես վստահ եմ, որ կա այդ խոսակցության ձայնագրությունը, և ես գիտեմ, որ կա այն հեռախոսազրույցի ձայնագրությունը, ուր հարբած Փաշինյանը Արայիկ Հարությունյանի հետ զրույցում հայհոյում ու մեղադրում է ռուսական ղեկավարությանն ամեն ինչում: Դա բոլորը գիտեն:

– Դա ե՞րբ է եղել:

– Դա եղել է այն ժամանակ, երբ ադրբեջանցիներն արդեն Սյունիքում սկսեցին դիրքեր զբաղեցնել: Նա զանգել է Արայիկին: Դա Ղարաբաղում բոլորը գիտեն: Պարզապես Արայիկ Հարությունյանը վախենում է հրապարակել այդ ձայնագրությունը, բայց նա ունի այդ ձայնագրությունը:

Ես կարծում եմ, որ Ռուսաստանում էլ գիտեն այդ ձայնագրության մասին: Այն, որ Փաշինյանը խմում է առավոտից երեկո, նույնպես բոլորը գիտեն: Ես գրել եմ, որ նա շատ է խմում, գտնվում է ուժեղ հոգեմետ դեղամիջոցների ազդեցության տակ: Դա բոլորը գիտեն: Բոլորն ինձ ասում են՝ Փաշինյանը քեզ դատի կտա: Թող տա, բայց երբեք նա դա չի անի: Դե՜, ո՞ւմ ես սպասում… Գիտես, չէ՞, որ դատարանը քեզ կպարտավորեցնի անալիզներ հանձնել, իսկ այդ հոգեմետ միջոցները մարդու արյան մեջ 6 ամիս մնում են: Արի արյուն հանձնենք՝ ես էլ, դու էլ: Ես խնդիր չունեմ:

– Ի՞նչ է մեզ սպասվում Նիկոլ Փաշինյանի հետ:

– Եթե Փաշինյանը մնա ևս 1.5-2 ամիս, մենք կարող ենք վստահ լինել, որ Հայաստանը կբաժանվի մի քանի մասերի: Մեծ խելք պետք չէ դա հասկանալու համար: Սյունիքը չի ներելու Փաշինյանին, դա հաստատ է: Նա ի՞նչ բանակցող է, եթե ինչ ուզում են՝ վերցնում են, իսկ նա ոչինչ չի ասում, լռում է: Մորս ծննդավայր Կարմիր շուկա գյուղը գտնվում էր մեր տիրապետության տակ: Մինչև խաղաղապահները տեղ կհասնեին, հանձնեցին արյամբ պահած գյուղը՝ Թաղավարդ գյուղը ևս: Սա նորմա՞լ է:

– Ինչո՞ւ է լռում: Ինչո՞ւ է ամեն ինչ հանձնում:

– Մարդը վախկոտ է ու կոտրված: Փաշինյանը վախեցած է, բարոյապես ոչնչացված:

– Կոռուպցիոն գործարքից էին խոսում: Դուք դա բացառո՞ւմ եք:

– Ես կարծում եմ, որ սխեման այսպիսին է: Ես կարծում եմ, որ նա թաքուն պայմանագիր ունի Ալիևի հետ: Արթուր Վանեցյանը նույնպես, չգիտեմ ինչու, ամեն ինչ չի պատմում:

Վանեցյանն ասում է, որ գաղտնի փաթեթներ է փոխանցել Ալիևի ներկայացուցչից Փաշինյանին: Պատկերացրեք՝ դու երկրի Ազգային անվտանգության ծառայության տնօրենն ես: Քո ղեկավարը թշնամու հետ քո ժողովրդի ու Խորհրդարանի թիկունքում գաղտնի բանակցություններ է վարում, ու դու դա հասկանում ես: Չէ՞ որ Հայաստանը խորհրդարանական երկիր է… Ինչո՞ւ պատգամավորները չեն իմացել, որ Փաշինյանը գաղտնի բանակցություններ է վարում: Ի՞նչ պետք է աներ Վանեցյանը. Անհապաղ պետք է հայտարարություն աներ Ազգային ժողովում պատգամավորների առաջ ու հրամայեր ԱԱԾ ծառայողներին ձերբակալել վարչապետին: Վե՛րջ:

– Վանեցյանն ասում է, որ այդ մասին ինքը պատմել է Անվտանգության խորհրդի նիստում, և, որ այդ մասին ԱԽ բոլոր անդամներն իմացել են:

– Իսկ ինչո՞ւ է պատմել ԱԽ նիստում: Ի՞նչ պետք է աներ այն Անվտանգության խորհուրդը, որի քարտուղարն Արմեն Գրիգորյանն է, իսկ ընդդիմությունից մարդ չկա: Ինչի՞ համար է այդ դեպքում խորհրդարանական երկիրը: Ի՞նչ կապ ունի ԱԽ-ն: Ես կհասկանայի, եթե դա լիներ նախագահական կառավարման մոդել ունեցող Ռուսաստանում, ուր երկրի նախագահն ունի լիակատար իշխանություն և ուղղակիորեն ընտրված է ժողովրդի կողմից: Բայց քեզ ժողովուրդը չի ընտրել, այլ Խորհրդարանը, պատգամավորները: Դու պարտավոր էիր պատգամավորների առաջ հաշվետու լինել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում