Շառլ Միշելը խոսել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցի մասին

163

Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նախօրեին նաև կարճատև առանձնազրույց են ունեցել՝ առանց իր մասնակցության: Այս մասին եվրոպացի գործիչն ասել է ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին:

«Այո, դա ճիշտ է: Ինձ համար կարևոր է աջակցել, խրախուսել, նրանց համար նույնպես կարևոր է զրուցել անմիջականորեն»,- ասել է Միշելը:

«Անմիջական շփումը միջոց է կանխելու միջադեպերը և խուսափելու հետագա էսկալացիայից: Անմիջական շփումները ղեկավարների մակարդակով շատ կարևոր են անվտանգության և կայունության հնարավորություններն առավելագույնին հասցնելու հարցում»,- հավելել է վերջինս՝ նշելով, որ բանակցություններն ընդհանուր առմամբ 4 ժամ են տևել: