Սևրի պայմանագիրը մեր պահանջատիրության հիմնական հենքն է. Աշոտ Մելքոնյան

16
Սևրի պայմանագրի 100-ամյակի առիթով ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպվել է գիտաժողով: Առաջին զեկույցը ներկայացրեց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

«1920 թվականի օգոստոսի 10-ին Սևրում Օսմանական կայսրության և մյուս կողմից` Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, փոքր դաշնակիցների հետ, որի թվում էր Հայաստանը, կնքվեց այդ պայմանագիրը: Հայերի կողմից այն կնքեց ՀՀ պատվիրակության նախագահ Ավետիս Ահարոնյանը՝ նախապես պատիրված ոսկե գրչով:

Դրանով Թուրքիան ոչ միայն ընդունում էր իր պարտությունը, այլև կայսրություն լինելու փլուզման իրողությունը: Պայմանագիրը վեց բաժին ուներ, 97 մաս, 578 հոդված, որից 88-90-րդը` 6-րդ բաժնի, վերաբերում էին Հայաստանին: Թուրքիան պետք է ճանաչեր ՀՀ անկախությունը: 89-րդ հոդվածով Միացյալ Նահանգների նախագահը պետք է որոշեր սահմանները, նշվում էր, որ սահմանը որոշելուց հետո Թուրքիան այդուհետ արդեն հայտարարում էր, որ որոշման օրից սկսած` հրաժարվում է հանձնված տարածքների նկատմամբ որևէ իրավական հավակնություններից»,- ասաց նա:

Մելքոնյանը պարզաբանեց, որ դրանով իրավարար վճիռը վավերացնելու կարիք չկար, այն անմիջապես մտնում էր ուժի մեջ, այն օրվանից, երբ ԱՄՆ նախագահի հանձնախումբը ներկայացնում էր դաշնակիցներին հայ-թուրքական սահմանը՝ Տրապիզոն, Էրզրում, Բիթլիս, Վան վիլայեթներով:

«Հայաստանին պետք է անցներ Էրզրումի վիլայեթի գրեթե ամբողջ տարածքը, բացառությամբ արևմտյան մի քանի գավառների, Տրապիզոնի զգալի մասը Վանի և Բիթլիսի վիլայեթների երկու երրորդը, ՀՀ տարածքը պետք է դառնար 161 հազար քառակուսի կմ, որին պետք է գումարվեր բուն ՀՀ տարածքը՝ 70 հազար քառակուսի կմ-ով: Հսկայական և զորեղ պետություն էր լինելու, եվրոպական դաշնակից երկրների համար հուսալի մի երկիր, որի գաղափարը կյանքի չկոչվեց, զանազան պատճառներով հատկապես ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրողությունների պատճառով»,- նշեց նա:

Մելքոնյանը նշեց, որ Սևրի պայմանագիրը մեր պահանջատիրության հիմնական հենքն է, որի համար մենք՝ որպես ժողովուրդ և պետություն, պայքարելու ենք, որ Հայոց ցեղասպանության դիմաց հասնենք նաև տարածքային հատուցման։