«Քո հրճվանքը երկար չի տեւելու. «Սեւ հովազի» եղբայրը Փաշինյանին հիշեցրեց, որ՝ «3 օրը լրացավ ու դավաճանը պատժվելու է»․ Առավոտ

173

«Սեւ հովազ» ջոկատի լեգենդար հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը 3 օր ժամանակ էր տվել Նիկոլ Փաշինյանին՝ հորդորելով. «Եթե դու թուղթը ստորագրելուց հետո ասում ես՝ հները հողերը ծախեցին, պահանջում եմ քեզնից, դուք ունեք 3 օր ժամանակ դավաճաններին ձերբակալելու: Եթե ասում ես դավաճաններ կան, ձերբակալի՛ր, եթե ոչ, դու ես դավաճանը»:

Նա նաեւ պահանջել էր՝ «հրապարակեք ցուցակ ներկա եւ նախկին իշխանությունների ընտանիքների զոհերի մասին, եթե կան այդպիսիք»:

3 օրն անցավ ու, ինչպես տեսանք, Փաշինյանն անհաղորդ մնաց: Aravot.am-ի հետ զրույցում Սերոբ Գասպարյանն այսպես արձագանքեց. «Ես ուզում եմ վարչապետի հետ խոսել իր լեզվով: Այն ժամանակ, երբ ինքը ուղիղ եթեր էր մտնում, ասում էր՝ պատասխանելու եմ այն հարցերին, որոնք ավելի շատ հավանում՝ «լայք» կստանան: Իմ նշած հարցերը 100 հազարավոր հավանում են ստացել, պարո՛ն վարչապետ այսինքն, դուք ձեր սկզբունքները դավաճանեցիք, 100 հազարավոր մարդկանց հարցադրմանը չպատասխանեցիք: Ես տարբեր երկրներից ստացել եմ արձագանքներ, անձնական նամակներ, ինձ գրում են՝ մենք Նիկոլի ֆանատն ենք, բայց եթե չպատասխանեց, ուրեմն մենք միաձայն համաձայնում ենք ձեզ հետ՝ նշանակում է դավաճանն ինքն է, ուրիշ կարծիք չկա: Դուք չպատասխանեցիք իմ հարցերին, որովհետեւ դուք չունեք այդ հարցերի պատասխանը: Ես եկած օրվանից ձեր կոդը ճանաչում եմ…Դուք ունեք կոդ ու ձեր կոդը սա էր. Երբ որ Աստված Եդեմի պարտեզը կառուցեց, Ադամին ու Եվային ասեց՝ չուտեք այս ծառից, ուտեք՝ կմեռնեք, բայց եկավ սատանան ու ի՞նչ արեց, հպարտություն բերեց ու ասեց՝ եթե դուք ուտեք այս պտղից, աստվածների պես կդառնաք: Դու այդ կոդով մնար Հայաստան՝ «Հայաստանի հպարտ քաղաքացիներ, դուք 3 մլն վարչապետներ եք»: