Սերժ Սարգսյանի ասուլիսը ասուլիս էր ոչնչի մասին․ Անդրանիկ Քոչարյան

17
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ասուլիսը ասուլիս էր ոչնչի մասին. նա ապրիլյան գործողությունների մասին ոչինչ չի խոսել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե Պաշտպանության նախարարը համարում է, որ ապրիլյան գործողություններին հաղթանակ ենք տարել, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց.

«Մեր առաջնագծի զինվորները կրել են հաղթանակ, ես ասում եմ վերջնամասում Ապրիլյան գործողություններն իրենցից ի՞նչ էին ներկայացնում, եւ մենք ի՞նչ ունեցանք: Բացեք զինվորական բացատրական բառարանը եւ կարդացեք` ի՞նչ է նշանակում հաղթանակ: Այնտեղ հստակ ձեւակերպված է: Դուք իմ եզրակացությունները կկարդաք՝ հիմնավորված, փաստարկված, թե հաղթանակները եւ բացթողումները որտե՞ղ էին, եւ վերջնամասում ամբողջը ինչ էր՝ Ադրբեջանը իր առջեւ դրած խնդիրը լուծել է, թե չի լուծել, կամ մենք մեր առջեւ դրած խնդրի որ մասն ենք լուծել»:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ապրիլյան գործողությունների հետեւանքով զոհվածների հարազատները կասկած ունեն, թե իրենց երեխաները կարող էին նաեւ մահացած չլինել. «Կան ստեղծված բազմաթիվ քննիչ հանձնաժողովներ, բայց սպասում եք սրան, որովհետեւ սրան սպասում են շատերը, որովհետեւ սա վերաբերում է մեր երկրի անվտանգությանը։ Ո՞վ կարող է այս թեմայով իր խիղճը ծախի ու ինչ-որ բաներ թաքցնի։ ՀՀ-ում խիղճ ծախելու թեման մնացել է անցյալում»։