Որպես դատավոր որեւէ մեկն ինձ վրա ազդեցություն չի ունեցել․ Խունդկարյան

12
Երվանդ Խունդկարյան
Ինձ մոտ հարց է առաջանում, թե արդյոք այն մարդիկ որոնք դատավոր Խունդկարյանին մեղադրում են խախտումներ թույլ տալու եւ «Ա1+» հեռուստաընկերությունը փակելու մեջ, կարդացե՞լ են ՄԻԵԴ-ի վճիռը թե ոչ: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որոնց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել իր բարեվարքության հետ կապված, կասկածի տակ է դրվել իր անաչառությունը ՍԴ-ում աշխատելու համար:
 
«ՄԻԵԴ-ի համապատասխան վճիռը վերաբերվել է հետեւյալին, որ արդար դատաքննության իրավունքի որեւէ խախտում դատավոր Խունդկարյանի գործով տեղի չի ունեցել: Ընդհակառակը կողմերի հավասարություն է ստեղծել մրցակցելու տեսանկյունից»,-ասաց նա:
 
Հարցին, թե չի՞ կարծում արդյոք, որ այդ եզրակացությունից հետո իր՝ ՍԴ դատավոր ընտրվելը կասկածի տակ է դրվում, Խունդկարյանը պատասխանեց. «Ես չեմ կարող գնահատականը տալ, որովհետեւ այդ կարծիքը ընդամենը պատգամավորներին ուղղորդող կարծիք է: Եթե պատգամավորները կգտնեն, որ դա խոչնդոտ է ընտրությանը, ընտրությունն իրենցն է, ես չեմ կարող որեւէ կերպ ներազդել»:
 
Նա հերքեց, թե կարող էր Սերժ Սարգսյանը կամ նրա հարազատները ազդեցություն ունեցած լինեին իր վրա. «Որեւէ մեկն ինձ վրա որպես դատավորի, որեւէ ազդեցություն ոչ ունեցել է, չի էլ կարող էր ունենալ: Հավատացած եղեք, որ որեւէ դատավոր, որեւէ մեկի քիմքին հաճո արդարադատություն չի իրականացնում: Ես չեմ ընդունում այդպիսի դատավորի կերպարը»: