Սարուշենը 16 զոհ է ունեցել, մեծ թվով գյուղացիներ՝ վիրավորվել, որոնցից մի քանիսին իր մեքենայով տեղափոխելիս վիրավորվել է նաեւ գյուղապետը, բայց շարունակել վարել մեքենան

92

Սեպտեմբերի 19-ին Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի բնակիչների՝ ադրբեջանական ահաբեկչական ստորաբաժանումներին ցույց տված հերոսական դիմակայության մասին սերունդները դեռ պատմելու են։ Գյուղի մատույցներին մոտեցող թշնամու հարյուրավոր զինվորներին կանգնեցնելու համար գյուղի բոլոր տղամարդիկ զենք էին վերցրել․ միայն սեպտեմբերի 19-ին թշնամու առաջխաղացումը կասեցնելու ժամանակ Սարուշենից 10 հոգի զոհվել են, վիրավորվել՝ մեծ թվով գյուղացիներ։

«Առավոտյան ժամը 11-ի կողմերն ենք նկատել , որ ադրբեջանական հետիոտնը չորս-հինգ ուղղություններով շարժվում է դեպի գյուղ։ Քանի որ մեր մարդկային ուժը շատ քիչ էր, չպահվող շատ դիրքեր կային․ դիրքերը միմյանցից 3-4 կմ հեռու էին։ Ադրբեջանցիներն էլ, օգտվելով դրանից, անտառի միջով՝ էդ չպահվող դիրքերի ուղղությամբ առաջ էին գալիս։ Ամեն մի ուղղությամբ հարյուրից ավել զինվոր էր գալիս․․․»,- «Փաստինֆո»-ին պատմում է ը։

Տեսնելով, որ դիրքերում գտնվող զինվորականները չեն կարող միայնակ կասեցնել թշնամու առաջխաղացումը, Գասպարյանը աշխարհազորին հրահանգում է անհապաղ օգնության շտապել տղաներին։

«Աշխարհազորը, գյուղում ինչքան զենք բռնելու ունակ տղամարդ կար իջել են գյուղի ներքևի մասը, որ գյուղը պահենք, թշնամին չկարողանա գյուղ մտնել։ Մենք էն չպահվող հատվածներում էինք դիրքավորվել։ Բայց մոտավորապես ժամը 13-13։30-ի կողմերը նրանց հրետանին սկսել է արդեն հրետակոծել։ Մեր կոորդինատները հստակ գիտեին, ուղիղ խփում էին մեզ վրա։ Տեսնելով, որ շատ ենք զոհ տալիս ու հնարավոր չի էդպես շարունակել, նահանջելով հասնելու ենք գյուղ, տղաներին ասել եմ՝ ինչքան հնարավոր է պահեն, մինչև բնակիչներին տարհանենք։ Բարեբախտաբար, դեպի Մսմնա գնացող այլընտրանքային ճանապարհ էինք սարքել, էդ ճանապարհով գյուղացիները կարողացել են դուրս գալ»,-մանրամասնում է գյուղապետը։

Համոզվելով, որ գյուղում մարդ չի մնացել, բոլորը տարհանվել են՝ Գասպարյանը կրկին իջնում է տղաների մոտ՝ վիրավորներին տարհանելու․

«Արդեն զոհեր էլ ունեինք։ Իրենց չի ստացվում հանել, քանի որ ադրբեջանցիները վերցրել էին այդ դիրքերը։ Վիրավորներին դնում եմ մեքենայիս մեջ, որ հանեմ, կրակում են ու մեքենան պայթեցնում․․․ Մեկ այլ մեքենայով երեք վիրավորի մի կերպ հանում եմ։ Գլխավոր ճանապարհով փորձում եմ հասցնել Ստեփանակերտ, իսկ այդ ընթացքում տղաները դիմադրում էին։ Չհասած Խաչմաչի խաչմերուկ՝ հասկանում եմ, որ ադրբեջանցիներն արդեն տարածքում են, էդ մասերը վերցրել են, ճանապարհն էլ փակել։ Մեքենայի վրա կրակում են, մեջքից վիրավորվում եմ, բայց ի վիճակի եմ լինում քշել։ Հետ եմ դառնում ու այլընտրանքային ճանապարհով գնում, վիրավորներին հասցնում Ստեփանակերտ։ Իմ վնասվածքը բեկորային էր, վիրակապում են ու դուրս եմ գալիս դեպի Մսմնա»։

Այդ ընթացքում գյուղացիներից մեկը որոշում է վիրավորված բարեկամին իր մեքենայով հասցնել Ստեփանակերտ։ Քանի որ կապ չկար ու տեղյակ չէր, որ Խաչմաչի մոտ ճանապարհը փակել են ադրբեջանցիները, գնում է այդ նույն՝ գլխավոր ճանապարհով։ Այստեղ ադրբեջանցիները սպանում են երկուսին էլ։ Մինչ այդ, նույն հատվածում թշնամու զինվորները սպանել էին Սարուշենի ևս մեկ բնակչի՝ քաղաքացիական անձի։

«Որ գյուղացիներին ասում եմ շարժվեք դեպի Մսմնա, զգուշացնում եմ, որ հանկարծ հիմնական ճանապարհով չգնան ու նաև ավելացնում՝ բեռնատար մեքենա ևս չնստեն, քանի որ գրեթե համոզված էի, որ կրակելու են մեքենայի վրա, եթե նկատեն։

Չգիտեմ, թե ինչ է մտածում գյուղացիներից մեկը՝ Գրիգորյան Շաբոն, բեռնատարը «խոդ է տալիս», որ հիմնական ճանապարհով դուրս գա գյուղացիներին ընդառաջ ու հասցնի Մսմնա։ Խաչմաչի խաչմերուկ համարյա հասած՝ իրեն էլ են սպանում»,-պատմում է Գասպարյանը։

Սարուշենի բնակիչները Մսմնայում մի քանի ժամ են մնում․ սեպտեմբերի 19-ի գիշերը բոլորը տարհանվում են դեպի Ստեփանակերտ՝ մի մասը դպրոցների նկուղներ, մի մասը՝ Իվանյանի օդանավակայան։
«Միկրոավտոբուս եմ գտնում մի կերպ ու մի քանի ռեյսով մարդկանց հանում Մսմնայից։ Վերջին ռեյսին մեքենայի ուղղությամբ ադրբեջանցիներն էլի կրակում են, բայց բարեբախտաբար չի կպչում։ Կրակոցների ձայնը լսում եմ, բայց արդեն հեռացած ենք լինում»,-պատմում է Սարուշենի գյուղապետը։

Չորս օր անց միայն հաջողվում է հանել Սարուշենի մատույցների մոտ հերոսաբար ընկած գյուղացիների մարմինները։

«Մինչև վերջ պահել ենք գյուղը։ Վերջում, որ արդեն կանգնեցվել էին ռազմական գործողությունները, տասից ավել տղամարդ դեռ գյուղի ներքևում էին, թույլ չէին տվել, որ թշնամին գյուղ մտնի։ Որ գնացել եմ զոհվածների մարմինները հանելու, ադրբեջանցիները գյուղ դեռ չէին մտել․ ճանապարհներին պոստեր էին դնում»,-հիշում է Կարեն Գասպարյանը։

Այսպիսով՝ միայն Սարուշենը 16 զոհ է տալիս այդ ընթացքում, որից չորս հոգի զոհ է գնում պայթյունին։