Ինձ համար շատ տարօրինակ է, որ Ստեփանակերտի կենտրոնը չի հրթիռակոծվում։ Մեր պետության իրավապահ մարմինները պետք է հատուկ քննության առարկա դարձնեն, թե ինչն է պատճառը եղել, որ թշնամին թիրախավորում է Շուշիի եկեղեցին, մշակույթի տունը, տարբեր բնակարաններ, ֆոսֆորային զենք է օգտագործում անտառները վառելու համար, բայց չգիտես ինչու գորովանք է ցուցաբերում Ստեփանակերտի կենտրոնի մի քանի շենքերի նկատմամբ։ Ինչու՞ չի հրթիռակոծվել Ստեփանակերտի կենտրոնը, դա պետք է ամենօրյա ուշադրության կենտրոնում լինի Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր, զոհված զինծառայողի հայր Գեղամ Նազարյանը։
Վերջինս նկատեց՝ սա դառնալու է Նյուրնբերգյան դատավարությունը, որտեղ թիվ մեկ մեղադրյալները լինելու են Նիկոլը և Աննան։ Գեղամ Նազարյանն իրավապահ մարմիններին կոչ արեց երկրի սահմանները փակել այդ ընտանիքի առաջ․ «Աննա Հակոբյանը եղել է բունկերում՝ կառավարման կենտրոնում, ի՞նչ իմանանք, թե ինչ ինֆորմացիա է այնտեղից դուրս եկել։ Արցախում եղած քաղաքացիական անձանց, ելքային ու մուտքային զանգերը, հաղորդագրությունները պետք է վերծանվեն։ Ում են գրել, ինչ են գրել։ Հասկանում ենք չէ, որ բարոյական աջակցության մասին այդ անհասկանալի հայտարարությունն այդպես չէ իրականում։ Նրա այնտեղ գտնվելու հետևանքով մենք ունեցել ենք ծանրագույն կորուստներ»,-նշեց Գեղամ Նազարյանը։











