Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրադրության կայունացման ուղղությամբ․ ՌԴ ԱԳՆ

34
ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրադրության կայունացման ուղղությամբ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

«Բաքվի և Երևանի հետ սերտ շփումների մեջ ենք։ Ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլեր՝ նպաստելու իրադրության հնարավորինս արագ կարգավորմանը»,- ասել է նա։

Նա նաև նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիան նախնական փուլում է գտնվում, բայց առանց ընդհատումների չի ստացվում։

Գոնչարը մեղադրել է Եվրամիությանը Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու փորձեր իրականացնելու մեջ՝ ընդգծելով, որ ԵՄ-ն ակնհայտորեն փորձում է միջամտել ՌԴ-ի՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ աշխատանքներին։ «Ուշագրավ է, որ Հարավային Կովկասի հարցով Բրյուսելի ակտիվացումը տեղի ունեցավ Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ իրականացվող պատժամիջոցների և ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով համատեղ աշխատանքների դադարեցման ֆոնին»,- հայտարարել է Դենիս Գոնչարը։