Ռուսաստանը կօգտագործի բոլոր հնարավորությունները` լուծելու Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարվածությունը: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանին տված հարցազրույցում:
«Ես կարող եմ միայն հավաստիացնել, որ մենք կանենք հնարավոր ամեն ինչ և ցույց կտանք ռուսական հանրային դիվանագիտության բոլոր լավագույն որակները, որպեսզի ոչ միայն լուծվի ներկայիս սահմանային հակամարտությունը, այլև ողջ հակամարտությունն՝ ամբողջությամբ, որպեսզի կարգավորվեն եղբայրական և մերձավոր երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները։ Համոզված եմ, որ մեր բոլոր հնարավորությունները կօգտագործվեն», – ասել է նա: Փոխնախարարը նշել է, որ «այժմ ողջ միջազգային հանրության առաջնային խնդիրն է արագ դադարեցնել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին ընթացող մարտերը»:
«Այս առումով շատ կարևոր է այն պետությունների հավասարակշռված դիրքը, որոնք նույնպես Մինսկի խմբի անդամ են», – ասել է Ռուդենկոն:
Նա կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին ձեռնպահ մնալ հռետորաբանությունից, որը նպաստում է լարվածության աճին։














