Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել․ Մարիա Զախարովա

74
Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել, նոր միջադեպեր թույլ չտալ ու բոլոր վեճերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ Երևանի ու Բաքվի պաշտոնական ներկայացուցիչների հայտարարությունից երևում է, որ կողմերը տրամագծորեն հակառակ են գնահատում իրավիճակը և միմյանց են մեղադրում կատարվածի մեջ:
«Ռուսաստանը շփման մեջ է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ՝ իրավիճակը խաղաղ հուն տեղափոխելու համար», – ասել է նա։
Նա հիշեցրել է, որ երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն խոսել է հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Այդ միջնորդական ջանքերի արդյունքում մարտերը երեկ երեկոյից դադարել են։
«Լարվածության թուլացման նպատակով համատեղ աշխատանքը շարունակվում է։ Մենք կոչ ենք անում երկու կողմին էլ զսպվածություն ցուցաբերել, նոր միջադեպեր թույլ չտալ ու բոլոր վեճերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Պատրաստ ենք հետագայում ևս աջակցել կողմերին՝ ի շահ տարածաշրջանում խաղաղության և կայունության», – եզրափակել է նա։