Ռուսական Россия-1 ալիքով բռնազավթված Շուշիի և Վարանդայի մասին հակահայկական ռեպորտաժ է հեռաձակվել՝ Շուշին ներկայացնելով որպես ադրբեջանական քաղաք

564

Ռուսական պետական քարոզչական Россия-1 հեռուստաալիքով օրերս հակահայկական ռեպորտաժ է հեռարձակվել։

Ռեպորտաժը Արցախի բռնազավթված Շուշիի և Վարանդայի շրջանի մասին է։ Նախ հաղորդման մեջ Արցախի բռնազավթված տարածքները ներկայացնում են որպես «Ադրբեջան», այն դեպքում, երբ հակամարտությունը դեռ լուծված չէ, իսկ Շուշին նախկին ԼՂԻՄ անբաժանելի մաս է կազմել։ Հաջորդիվ, հեղինակը մեծ ոգևորությամբ պատմում է իբր թե Շուշին ամբողջությամբ ավերաված էր 30 տարի ու վերջապես ադրբեջանցիները եկան և սկսեցին կառուցել։ Լրագրողը, եթե նրան այդպես կարելի է կոչել, առանց մի վայրկյան վարանելու հայկական գերեզմանները ոտնատակ տալով ուրախությամբ պատմում է, որ ահա այս ավերակների վրա շուտով բնակելի շենք է կառուցվելու՝ արհամարհելով, որ այդ հողի վրա դեռ արյունը չի չորացել։

Էժանագին ռեպորտաժում հեղինակը ասես բացահայտում է անում, որ Շուշիում բռնազավթողները սուպերմարկետ են բացել՝ մոռանալով, որ Շուշին շուրջ երեք տասնամյակ խիտ բնակեցված էր և այնտեղ զարգացած էին բոլոր ենթակառուցվածքները։ Լրագրող կոչվածը տեսարաններ ունի նաև Շուշիի իրանական մզկիթում, ու այդպես էլ չի հիշում, որ այն հայերն են վերականգնել։

Ռուսական ալիքը մոռանում է նաև սեփական նախագահի հայտարարությունները, որոնցից պարզ է դառնում, որ Շուշին պարզապես ադրբեջանական կողմը նվեր է ստացել Ալիևի քմահաճույքներն իրականացնելու համար։

Հետաքրքիր է, որ այդ վայ լրագրողը, չի էլ նկատում Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ավերը, Կանաչ ժամ եկեղեցու անհետացումը, հայկական գերեզմանների ու հուշարձանների ոչնչացումը։ Միայն բանաններ, վարսավիրներ և բենզինի համար «հերթեր», որոնք չգիտես թե ինչպես են առաջանում, երբ Շուշիում որևէ մարդ չի ապրում։

Շատերը հղում են անում, որ լրագրողը ազգությամբ վրացի Ալեքսանդր Բուզալզադեն է, բայց դա բոլորովին չի փոխում այն հանգամանքը, որ այս խայտառակ ռեպորտաժը հեռարձակվել է ռուսական պետական ալիքով, ռուս քարոզիչ Կիսիլյովի հաղորդման շրջանակներում։ Այն դեպքում, երբ 44-օրյա պատերազմից հետո ռուս խաղապահներն են Արցախում կանգնած որպես անվտանգության երաշխավոր։ Ինչպես կարո՞ղ է ռուսական կողմը թույլ տալ իրեն նման հակահայկական քարոզչության տարածում պետական ալիքով, ո՞ւր մնաց չեզոք լինելու տարրական պայմանը ոչ միայն որպես այդ տարածքում խաղաղապահներ ունեցող երկիր, այլև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներից մեկը։ Եվ այս ամենից հետո զարմանալ, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ կան, խիստ զավեշտալի է։ Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ Հայաստանում այդ տրամադրություններն ավելանան՝ սոլիդարության, ռազմավարական դաշնակցի որևէ նշան չցուցադրելով։

Ցավոք, մենք չունենք հայաստանակենտրոն ԱԳՆ, ով կզբաղվեր այս հարցով, բողոքի նոտա կհղեր ՌԴ դեսպանին նման հակահայկական նյութեր պետական ալիքով տարածելու համար։ Կազմաքանդված պետական համակարգ ունենալու հետևանքն է, որ չկա աշխարհում որևէ երկիր, ով հարգում է մեր շահերը, գոնե տարրական չեզոքություն պահպանում, բոլորը՝ այդ թվում Ռուսաստանը, մեզ շարունակ ոտատակ է տալիս հենց այդ պատճառով։

Հղումն այստեղ՝ https://t.me/sskarnaukhov/25177