Ռուս բժիշկներն օգնություն են ցուցաբերում Ստեփանակերտի բնակչությանը

15

ՌԴ արևելյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը բժշկական օգնություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի բնակչությանը: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ մեկ օրվա ընթացքում ռուս ռազմական բժիշկները ընդունել են շուրջ 40 բնակչի: Բժշկական խորհրդատվություն, հետազոտություն և որակավորված բուժօգնություն են ցուցաբերել թերապևտները, վիրաբույժները և պրոֆիլային այլ մասնագետներ:

Ստեփանակերտի քաղաքային հիվանդանոցում վերակենդանացման բաժանմունքում ծանր վիճակում գտնվող բուժառուների հետ աշխատանքում իրենց գործընկերներին աջակցել են ռուս անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգները:

Հատուկ նշանակության բժշկական առաջին ստորաբաժանման կազմում Ստեփանակերտ է ժամանել ավելի քան 60 բժիշկ, այդ թվում՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:

Նախօրեին մեկնարկել է երկրորդ ռազմական հոսպիտալի տեղակայումը Մարտակերտում: Ավելի վաղ ռազմական հոսպիտալ էր տեղակայվել Ստեփանակերտում: