Ռուբեն Ռուբինյանի հետ որպես բարեկամ լավ հարաբերություններ ունենք․ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ

72

Դեկտեմբերի 27-ին Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը ելույթ է ունեցել Անկարայի համալսարանի լեզվաբանական և պատմաաշխարհագրական ֆակուլտետի կողմից կազմակերպված «Դիվանագիտությանը նվիրված մի կյանք․ Վերջին զարգացումների լույսի ներքո Թուրքիա-Հայաստան հարաբերությունները՝ դիվանագետ Սերդար Քըլըչի աչքերով» համաժողովում։ Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից։

Քըլըչը նախ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ծավալվող գործընթացին․ «Այս երկու գործընթացներն առանձին-առանձին են, բայց հնարավոր չէ լիովին տարանջատել իրարից»:

Այնուհետև գալով հայ-թուրքական գործընթացին՝ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ խոսակցություններ կան, թե Թուրքիան և Հայաստանն իրականում եռակողմ բանակցություններ են վարում, որովհետև Ադրբեջանն էլ է մաս կազմում այդ գործընթացին:

«Իհարկե Ադրբեջանն էլ կա, Հայաստանի հետ երկխոսություն ունեցող որոշ երկրներ էլ կան: Սակայն դրանք ֆիզիկապես այս գործընթացի մեջ չկան, և չեն կարող պայմաններ թելադրել այս գործընթացում: Այս գործընթացը բացառապես երկկողմանի մակարդակում տարվող գործընթաց է: Բացառապես իմ և Ռուբեն Ռուբինյանի միջև է տեղի ունենում: Իր հետ նաև որպես բարեկամ էլ լավ հարաբերություններ ունենք»։

Սերդար Քըլըչը հայտնել է, որ շատ կարճ ժամկետում Հայաստանի ու Թուրքիայի միջև օդային երկկողմանի ավիաբեռնափոխադրումներն են սկսվելու: