ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը կոչ է անում հայերին չտրվել սադրանքների

10
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել` կոչ անելով հայերին չմասնակցել ադրբեջանական կողմի գործողություններին ի պատասխան կազմակերպվող տարբեր ակցիաներին և նախաձեռնություններին, չտրվել սադրանքների, պահպանել ՌԴ օրենքները։

«Վերջին օրերին մենք շարունակում ենք արձանագրել ադրբեջանական կողմի փորձերը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետևանքով ստեղծված լարված իրավիճակը տեղափոխելու Ռուսաստանի Դաշնության տարածք և կոնֆլիկտ ստեղծելու երկու ժողովուրդների համայքների միջև։

Այդ դրսևորումները, մասնավորապես, տեղ են գտել Մոսկվայի և Ռուսաստանի մյուս քաղաքների առևտրային-տնտեսական հարթակներում, որոնք այս, կամ այլ կերպ փոխկապակցված են Ադրբեջանի իշխանությունների հետ։

Անցնող գիշերվա իրադարձությունները, որոնք ուղեկցվում էին բազմաթիվ սադրանքներով, ինչպես նաև հայերի վրա հարձակումներով, ցավոք, հերթական անգամ ցույց են տալիս ադրբեջանական կողմի գործողությունների կանխամտածված բնույթը։

Այդ սադրանքների նպատակն է խարխլել Ռուսաստանում տիրող ազգամիջյան համերաշխության հիմքերը, նպաստել լարվածության ստեղծմանը բազմազգ հասարակությունում, երկրում կոնֆլիկտային իրավիճակների նախադեպեր ի հայտ բերել։

Այս գիշեր տեղի ունեցած իրադարձությունների, ինչպես նաև այլ սադրանքների մասին Դեսպանատունը, «Ռուսատսանի հայերի միությունը» և մյուս կառույցները տեղեկացրել են ՌԴ համապատասխան մարմիններին։

Մենք գտնում ենք, որ պետք է իրավիճակի կարգավորմանն ուղղված միջոցներ ձեռնարկվեն, հետագա զարգացումներից խուսափելու համար։
Տնտեսվարողները, որոնք գտնվում են ՌԴ տարածքում, անկախ ազգության և քաղաքացիության, պետք է պահպանեն ՌԴ օրենքները։

Միաժամանակ, ելնելով ստեղծված իրավիճակից և հայ համայնքը սադրիչ գործողությունների մեջ ներքաշելու փորձերից, խնդրում ենք մեր հայրենակիցներին զգոն և զուսպ լինել, չտրվել սադրանքների, չմասնակցել ադրբեջանական կողմի գործողություններին ի պատասխան կազմակերպվող տարբեր ակցիաների և նախաձեռնությունների։

Մենք շարունակում ենք աշխատել առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ, պահպանելով ազգամիջյան խաղաղության սկզբունքը։ Խնդրում ենք սադրիչ դրսևորումների դեպքում խնդրում ենք անհապաղ տեղեկացնել ՌԴ-ում ՀՀ Դեսպանատանը, «Ռուսաստանի հայերի միությանը», այլ կառույցներին, ինչպես նաև դիմել ՌԴ իրավապահ մարմիններին»։