Ռուսական շուկայում շուտով կհայտնվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը երեխաների համար հասանելի չի լինի, քանի որ ըստ օրենքի՝ երեխաների համար նախատեսված պատվաստանյութերը պետք է հավեյալ ստուգումներ անցնեն ու փորձարկումների ենթարկվեն, գրում է eadaily.com-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ռուսաստանում մշակված պատվաստանյութն առայժմ փորձարկվել է այն ծավալով, որը թույլ է տալիս դեղամիջոցի կիրառումը միայն մեծահասակների վրա: Այս մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարության Ն․ Ֆ․ Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
«Լիահույս եմ, որ պատվաստանյութը հարմար կլինի երեխաների համար, սակայն, ըստ ՌԴ օրենսդրության, երեխաների պատվաստանյութը կարելի է երեխաների վրա փորձարկել ու արդեն նոր դեղամիջոցն առաջարկել միայն այն դեպքում, եթե այն անցել է մեծահասակների վրա փորձարկումների ամբողջական փուլը: Ուստի, երբ ավարտվի փորձարկումների երրորդ փուլը, մեզ թույլ կտան 18 տարեկանից փոքրերի շրջանում ուսումնասիրություններ կատարել»,-մանրամասնել է Գինցբուրգը:














