ՌԴ փոխվարչապետը Բաքվում Ալիևի հետ քննարկել է ապաշրջափակման հարցերը

42

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ քննարկել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հետ կապված հարցերը:

Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Օվերչուկը եւ Ալիեւը քննարկել են նաեւ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման հեռանկարները եւ ռուս-ադրբեջանական սահմանի սահմանային անցակետերի աշխատանքի կատարելագործումը:

Հունիսին Ալեքսեյ Օվերչուկը ներկայացրել էր տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի մանրամասները:

«Դիտարկվում են Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցության հնարավորությունները Հայաստանի տարածքով: Միաժամանակ լուծվում են Հայաստանից Ռուսաստան Ադրբեջանի տարածքով կամ Հայաստանից եւ Ռուսաստանից Նախիջեւանով Իրան շարժը սկսելու խնդիրները: Բացի այդ, Հայաստանը կարող է հնարավորություն ունենալ օգտագործելու Կասպից ծովի ադրբեջանական նավահանգիստները՝ սեփական բեռները Միջին Ասիայի երկրներ եւ Կենտրոնական Ասիայի երկրներից Հայաստան ապրանքներ տեղափոխելու համար:

 

Հայաստանը չունի ելք դեպի ծով, շատ բարդ պատմական հարաբերություններ ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, եւ այդ երկրների հետ սահմաններն արգելափակված են: Հայաստանն Իրանի հետ ցամաքային սահմանի փոքր հատված ունի, որն ունի բարդ ռելիեֆ եւ վատ ճանապարհներ, որոնք խոչընդոտում են լիարժեք տրանսպորտային կապերը: Բացի այդ, Իրանն իր վրա զգում է սահմանափակող միջոցառումները, ինչը նույնպես ազդում է իրավիճակի վրա»,- նշել էր Ռուսաստանի փոխվարչապետը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում:

 

«Տարածաշրջանում տրանսպորտային շրջափակումը վերացնելը կարեւոր է Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի եւ հարեւան բոլոր երկրների համար: Միեւնույն ժամանակ, Հայաստանը կվերածվի ոչ միայն Պարսից ծոցի իրանական նավահանգիստները Սեւծովյան նավահանգիստների, ինչպես նաեւ Բալթիկայում եւ Խաղաղ օվկիանոսում գտնվող ռուսաստանյան նավահանգիստներին կապող կարեւորագույն միջազգային տրանսպորտային հանգույցի, սակայն նաեւ կկարողանա ավելացնել սեփական արտադրությունը, քանի որ նոր իրացման շուկաներ կստանա, իսկ արտահանելու հնարավորությունը սահմանափակող գործոնները անցյալում կմնան: Ժամանակակից պատմության մեջ նման հնարավորություններ երբեք չէին բացվել եւ, անկասկած, այս նոր կազմաձեւում Ադրբեջանը եւ Հայաստանը կլինեն հիմնական շահառուները: Ռուսաստանը այդ հարցում օգնում է նրանց եւ տարածաշրջանի մյուս երկրներին:

 

Աշխատանքային խմբի շրջանակներում ուսումնասիրվել են Ադրբեջանը եւ Հայաստանը կապող բոլոր հնարավոր երկաթուղային եւ ավտոճանապարհային երթուղիները: Գարնանն այս երկրների սահմանային տարածքներում աշխատում էին ՌԴ տրանսպորտի նախարարության, «Ռոսավտոդորի» եւ «Ռուսաստանի երկաթուղիների» ռուսաստանցի փորձագետները: Նրանք ուսումնասիրել են յուրաքանչյուր ավտոճանապարհ եւ երկաթուղի, գնահատել երկու երկրների միջեւ առեւտրային տրանսպորտի հնարավորությունները: Գնահատվել է ավտոճանապարհների, երկաթուղիների, կամուրջների, ճանապարհների տակ գտնվող խողովակների վիճակը։ Դժբախտաբար, գրեթե բոլոր հնարավոր ուղիները քայքայված են, եւ տրանսպորտային կապերի վերականգնումը լուրջ ներդրումներ է պահանջում: Այս փորձագիտական աշխատանքի արդյունքների հիման վրա կողմերը կարողացան նախանշել տրանսպորտային կապի ապաշրջափակման հետագա քայլերը», – ասել էր Օվերչուկը: