Ռուսաստանի պետդումայի խոսնակը սպառնում է Հայաստանին

363

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավար Սագիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ զգուշացրել է Հայաստանին, որ «կարող է պարզապես կորցնել երկիրը եվրոպական կառույցներին ուղղված հայտարարությունների համար»։

«Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների մակարդակով կա որոշում, մենք առաջնորդվելու ենք դրանով, և մեր կողմից ամեն ինչ անելու ենք, որ այդ պայմանավորվածություններնիրականացվեն։ Իսկ նրանք, ովքեր հայտարարություններ են անում եվրոպական կառույցների ուղղությամբ, կարող են պարզապես կորցնել երկիրը»,-ասել է Վոլոդինը, հայտնում է ՌԴ Պետդումայի պաշտոնական կայքը։
Պետդումայի խոսնակի տեսանկյունից՝ ԵԽԽՎ-ի և Եվրախորհրդարանի ներգրավումը ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը կսրի իրավիճակը։

«Ցանկանալով ներգրավել Եվրախորհրդարանին և ԵԽԽՎ-ին, պետք է 10 անգամ մտածել և կշռադատել, թե դա ինչպես կարող է ավարտվել՝ Ուկրաինայի, Հարավսլավիայի և այլ երկրների օրինակով: Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է խաղաղություն, ով ցանկանում է կարգավորել իրավիճակը, ոչ թե պետք է պարզապես հեռու մնա ԵԽԽՎ-ից, և Եվրախորհրդարանից, այլ հստակ գիտակցի, որ նրանց ներգրավումը կսրի իրավիճակը, ավելի ու ավելի շատ խնդիրներ կստեղծի, և եթե դա անեն, ապա պետք է պատասխանատվություն կրեն դրա հետևանքների համար»,- ընդգծել է Վոլոդինը։