Ռուսաստանը պետք է իրերն անվանի իրենց անուններով. Զատուլինը` Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին

359
Կոնստանտին Զատուլին

Ուկրաինայում զբաղված Ռուսաստանի համար բոլորովին հեշտ չէ Կովկասում։ Բայց իրերը պետք է անվանել իրենց անուններով։ Մեր կողմից իրադարձություններին ընկալելի եւ հրապարակային գնահատական չտալն առաջ է բերում հայ հասարակության հիասթափությունը։ Այս մասին նշվել է Պետական դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի հայտարարությունում, որն արվել է սեպտեմբերի 16-18-ին Հայաստան կատարած այցի արդյունքների հիման վրա։

«Չէի կարող չարձագանքել դժվար ժամանակներում Հայաստան այցելելու անհրաժեշտությանը։ Շատերը Հայաստանում համակերպվել են 2020թ. պատերազմում կրած պարտությանը, ինչն էլ վավերացրին 2021թ. խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները։ Կարծում էին, թե խաղաղություն են ընտրում։ Բայց պարզվեց, որ Ադրբեջանը եւ Թուրքիան հայերից եւ Հայաստանից սպասում են լիակատար հրաժարում Լեռնային Ղարաբաղի հայրենակիցներից, եւ այդ մասին հիշեցնում են ուժով։

Հայաստանին, ինչպես եւ ամբողջ տարածաշրջանին, խաղաղություն է պետք, բայց ոչ պերմանենտ նվաստացման գնով։ Խաղաղության պայմանագիրը եւ հայ-ադրբեջանական սահմանագծումը չեն վերացնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը, որի լուծման որոնումը պահպանվում էր միջազգային հարաբերությունների օրակարգում 30 տարի։ Հենց այսպես է պետք վերաբերվել դրան։ Հենց այսպես է, որքան ես եմ հասկանում, դրան վերաբերվում նաեւ Ռուսաստանը՝ իր խաղաղապահներին ուղարկելով հակամարտության գոտի։

Ես հեռացա, իսկ Նենսի Փելոսին մնաց։ Սա դառը կատակ է։ Բայց այն արտացոլում է այն իրավիճակը, որում Հայաստանի կառավարությունը եւ նրան աջակցող շրջանակները փորձեր են անում մոտենալ ԱՄՆ-ին եւ Արեւմուտքին, որպեսզի հենարան գտնեն երկրի ներսում եւ երկրից դուրս։ Արեւմուտքը խաղում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, իր գլխավոր նպատակն է համարում տարածաշրջանում Ռուսաստանի ցանկացած ազդեցության դուրսմղումը։ Եվ դրանում հասնում է ավելի մեծ հաջողությունների՝ Բրյուսելում Եվրամիության հարթակն ընտրելով հայ-ադրբեջանական հակամարտությունում Քեմփ-Դեւիդի կրկնման համար (մերձավորարեւելյան կարգավորման հարցում)։

Ուկրաինայում զբաղված Ռուսաստանի համար շատ դժվար է Կովկասում։ Բայց իրերը պետք է անվանել իրենց անուններով։ Ընկալելի եւ հրապարակային գնահատականի բացակայությունը մեր կողմից առաջ է բերում հայ հասարակության հիասթափությունը։ Ինչպես ուզում է գործելով՝ Ադրբեջանը եւ նրա հետեւում կանգնած Թուրքիան, ըստ էության, լծակ են ստացել, որը սադրում է հակառուսական տրամադրությունների աճ դաշնակցային Հայաստանում, որի իշխանություններն իրենք էլ դեմ չեն Ռուսաստանի վրա բարդել բոլոր դժվարությունները, ներառյալ պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղի հայերի համար։

Մենք մոտենում ենք ճամբաբաժանին։ Թե ինչպես կզարգանան Հայաստանը եւ ռուս-հայկական հարաբերությունները, կախված է այն որոշումներից, որոնք պետք է ընդունվեն առաջիկայում»,- գրել է Զատուլինը։