Ռուս ռազմաօդաչուն պատմել է, թե Սու-25-ի արդիականացումը ՀՀ ԶՈւ-ին ինչ նոր հնարավորություններ կտա

4
ՌԴ վաստակավոր ռազմաօդաչու, տեխնիկական գիտությունների թեկնածու գեներալ-մայոր Վլադիմիր Պոպովը վստահ է, որ Սու-25-ի արդիականացումը Հայաստանի ԶՈւ-ին թույլ կտա ճշգրիտ հարվածներ հասցնել օդից, որոնք համեմատելի են կառավարվող արկերի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Պոպովն ասաց Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ:

Նման հնարավորություն է տրվել Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների միջև ստորագրված Հայաստանի ռազմաօդային ուժերի Սու-25-ի արդիականացման մասին համաձայնագրի շնորհիվ: Այն ստորագրվել է մերձմոսկովյան Կուբինկայում «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառման շրջանակում կայացած ցուցահանդեսի ժամանակ:

Պոպովի խոսքով՝ Սու-25-ը փոքր չափերի հաշվին ցամաքին ավելի մանևրային է, քան Սու-24-ը:

«Դա ինձ հայտնի է ոչ միայն խոսքով. ես ինքս թռել եմ այդ ինքնաթիռներով և վերապատրաստել օդաչուներին: Ինքնաթիռների նոր սերունդը տարբերվում է նավիգացիայի և կրակի ուղղման բարձր ճշգրտության համակարգերով»,- նշեց ՌԴ վաստակավոր ռազմաօդաչուն:

Պոպովը նկատեց, որ ГЛОНАСС համակարգը, որն այժմ տեղադրված է Սու-25-ում, հնարավորություն է տալիս այնքան ճշգրիտ կատարել նշանառումը, որ Սիրիայում մարտական գործողությունների ժամանակ ամերիկացիները առաջին շրջանում մտածում էին, որ ռուս զինվորականներն աշխատում են միայն բարձր ճշգրտության զենքով:

«Կարծում եմ, որ Հայաստանի համար նախատեսված Սու-25-ի արդիականացմանը հենց նման լուծումներ կտրվեն։ Դրանց տեղադրումը զգալիորեն ավելի էժան կարժենա, քան նոր տեխնիկայի գնումը», – ասաց գեներալ-մայորը։