Ինչ պատիժներ են նախատեսված ռազմական դրության կանոնների խախտումների դեպքում

54
Ռուստամ Բադասյան
Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Ռազմական դրություն հայտարարելու մասին որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը։ Մասնավորապես, կառավարությունը լրացումներ է առաջարկում Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում, Քրեական օրենսգրքում և կից փաթեթում։
Վարչական պատասխանատվություն է սահմանվում ազատ տեղաշարժի իրավունքի, ֆինանսատնտեսական գործունեության, ապրանքների շրջանառության, պարետային ժամի, կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումները խախտելու, անհետաձգելի աշխատանքներին սահմանված կարգով ներգարվվելուց կամ տրանսպորտային միջոց տրամադրելուց հրաժարվելու դեպքում, ռազմական դրության ժամանակ գործադուլներ, հավաքներ կազմակերպելու, մասնակցելու և այլ միջոցառումների արգելքը խախտելու համար։ Նաև պատասխանատվություն է սահմանվում ռազմական դրության իրրավական ռեժիմն ապահովող մարմինների գործունեությունը խոչընդոտելու համար։
 
Առավել բարձր հանրային վտանգավորության արարքների դեպքում նախատեսվելու է քրեական պատասխանատվություն։
Ըստ Բադասյանի՝ առաջակվում է քրեական պատասխանատվություն նախատեսել առաջինը՝ ռազմական դրության գործողության ընթացքում սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելու, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների ու ուժերի գործունեությանը խոչընդոտելու համար, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ։ Երկրորդ՝ ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման արդյունքում կասեցված գործունեության իրականացումը շարունակելու համար և երրորդը՝ ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելու համար, եթե այդ արարքը վնաս է պատճառել պետության անվտանգության շահերին։
 
Նախարարն ասաց՝ փաթեթով առաջարկվող փոփոխություններով հնարավոր կլինի լիարժեք ապահովել ռազմական դրության իրավական ռեժիմը, կառավարության որոշմամբ սահմանված սահմանափակումների կիրառումը։
 
«Այս նախագծերի իմաստը որևէ կերպ հանրության համերաշխությունը խաթարելը չէ, այլ ընդհակառակը, այդ համերաշխության դեմ ոտնձգող որոշ ուժերի, գործիչների կամ անհատների կեղծ ու խուճապ առաջացնող տեղեկությունների տարածումը և հակապետական գործունեությունը կանխարգելելն է»,- ասաց Բադասյանը։