Քերոլայն Քոքսն Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու կոչով դիմել է ՄԹ արտգործնախարարին

5
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության վերաբերյալ նամակ է հղել Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբին: Տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ես գրում եմ, որպեսզի իմ խորը մտահոգությունն արտահայտեմ հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրման լուրջ սպառնալիքի՝ համավարակի ընթացքում հատուկ մտահոգություն առաջացնող հարցի կապակցությամբ։ Վերջին օրերին Ադրբեջանը հրետանային մարտկոցներ է տեղակայել Տավուշի, Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի քաղաքացիական բնակչության մոտ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքից դեպի հյուսիս։ Հուլիսի 14-ին սպանվել են չորս հայ սերժանտներ և սպաներ։ Տասը զինծառայող բուժօգնություն է ստանում, նրանցից մեկը մնում է ծայրահեղ ծանր վիճակում»,- գրել է Քոքսը:

Բարոնուհին նշել է, որ խորապես մտահոգված է այն հանգամանքով, որ ադրբեջանցի զինվորականները կրակ են բացել կորոնավիրուսի դեմ պայքարում կարևոր դերակատարում ունեցող բժշկական դիմակներ արտադրող գործարանի ուղղությամբ:

«Մտահոգված եմ Տավուշի մարզի Այգեպար գյուղի մանկապարտեզի վրա կատարված հարձակմամբ, ինչպես նաև հաղորդագրություններով այն մասին, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը կոչ է արել զանգվածային ոչնչացման ենթարկել հայ բնակչությանը և սպառնացել է թիրախավորել Հայաստանի ատոմային էլեկտրակայանը»,- նշել է Քերոլայն Քոքսը: