Lրջորեն քննարկվել է մինչև աշուն կոշտ սահմանափակումների միջանկյալ ռեժիմ կիրառելու հարցը՝ պարետային ժամի սահմանմամբ։ Այս մասին ԱԺ հատուկ նիստի ընթացքում ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
«Սցենարը նախատեսում էր ընդհանուր առմամբ 10 շաբաթ տևողությամբ ռեժիմ, որի կուլմինացիան պարետային ժամով 4 շաբաթյա սահմանափակումներն էին, բնականաբար հարակից տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումներով։ Վերջինս ուղեկցվելու էր միջմարզային տեղաշարժի արգելքով և աշխատանքային օրերին երեկոյան ժամից սկսած անձանց տեղաշարժի սահմանափակմամբ։ Ընդ որում, այս սցենարով նախատեսվում էր շաբաթ ու կիրակի օրերին անձանց ազատ տեղաշարժի ու տնտեսական գործունեության լիարժեք սահմանափակումներ։ Եվ գնահատվում էր, որ 10 շաբաթյա սցենարի գործարկման արդյունքում վարակի վերարտադրման գործակիցը կհաջողվեր շեշտակի նվազեցնել, այնպես որ օրական դեպքերը լինեն ընդամենը մի քանի տասնյակ»,- ասաց նա։
Ըստ Ավինյանի՝ այդ սահմանափակման հետևանքով կլինեին ոչ բարենպաստ տնտեսական հետևանքներ, և դա է պատճառը, որ այս պահին չեն կիրառվում նմանատիպ խիստ սահմանափակումներ։











