Քանի դեռ ուշ չէ, քանի ադրբեջանցիները չեն եկել՝ դիրքավորվելու, պետք է արագ գործել

109

Քարվաճառի հանձնումից հետո օրակարգային եւ հրատապ քննարկում պահանջող հարցերից մեկն էլ վերաբերում է Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լանջերին՝ Սյունիքի բարձրավանդակի հյուսիս-արեւմուտքում գտնվող՝ Մեծ եւ Փոքր Ալ լճերի ճակատագրին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Գործե՛ք, քանի դեռ ուշ չէ։

Քարվաճառի հանձնումից հետո օրակարգային եւ հրատապ քննարկում պահանջող հարցերից մեկն էլ վերաբերում է Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լանջերին՝ Սյունիքի բարձրավանդակի հյուսիս-արեւմուտքում գտնվող՝ Մեծ եւ Փոքր Ալ լճերի ճակատագրին։

Այսօր կրկին խոսել եմ բարձրաստիճան զինվորականության հետ, ովքեր ինձ հավաստիացնում են, որ Մեծ եւ Փոքր Ալ լճերը հիմա մեր տիրապետության տակ են, քանի որ մինչեւ 1930թ․ բոլոր քարտեզներով ամրագրված է եղել, որ դրանք մերն են եղել ։ Եվ այժմ մեր զինված ուժերը համապատասխան դիրքավորմամբ դրանք մեր վերահսկողության տակ են պահում։

Իհարկե ռազմական ղեկավարությունն այս պահին տեղյակ չէ, թե առաջիկայում այս հարցի վերաբերյալ ինչ քաղաքական որոշում կլինի։ Ես էլ տեղյակ չեմ, թե ով եւ կոնկրետ ինչ է այս պահին բանակցում, բայց լավ կլինի՝ բանակցողն իմանա այս քարտեզների, հետեւաբար նաեւ՝ ճշմարտության մասին։ Պատրաստ եմ արժեքավոր տեղեկություններ տրամադրել (եթե իհարկե դրա անհրաժեշտությունը կա), որպեսզի կարողանանք ապացուցել, որ Մեծ եւ Փոքր Ալ լճերի բարձունքը եղել է մեր երկրի սահմանների ներսում։

Քանի դեռ ուշ չէ, քանի ադրբեջանցիները չեն եկել՝ դիրքավորվելու, պետք է արագ գործել, քանի որ հետո կարող է ուշ լինել․ ադրբեջանցիները, կրկնելով Սոթքի միջադեպը, կարող են գալ եւ փորձել դիրքավորվել։

Հ․Գ․ ստորեւ կցված են 1927թ․ (ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԴՐԱՑԻ ԵՐԿԻՐՆԵՐ) հայալեզու քարտեզն ու թուրքալեզու քարտեզ, որտեղ կապույտով նշվածից երեւում է, որ Ալ լճերը մեր սահմանի մեջ են գտնվում, իսկ եռակողմ հայտարարության 2 կողմերը պարտավոր են ապահովել լիարժեք ու արդար սահմանազատում»։