Պուտինը հույս ունի, որ Փաշինյանն ու Ալիևն այսպես կոչված «խաղաղության պայմանագիր» կկնքեն

71

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ գագաթնաժողովում, հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված «խաղաղության պայմանագիր» կնքվի։

Պուտինը դրական է գնահատել հոկտեմբերի վերջին Սոչիում կայացած Պուտին-Փաշինյան-Ալիև գագաթնաժողովը, ինչպես նաև նշել, որ տեղի ունեցած բանակցությունները «լավ հիմք են ստեղծել ապագա փոխզիջումների համար հիմնարար հարցերի շուրջ»։

Նա ասել է, որ համատեղ հայտարարությունը վերահաստատել է հավատարմությունը 2020 և 2021 թվականներին ձեռք բերված բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածություններին։ Նա ընդգծել է, որ «սահմանների սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հումանիտար խնդիրների լուծման վերաբերյալ այդ համաձայնագրերի միայն հետևողական իրականացումը կօգնի կարգավորել հարաբերությունները երկրների միջև։

«Մենք հուսով ենք, որ դա ի վերջո թույլ կտա «խաղաղության պայմանագիր» կնքել Երևանի և Բաքվի միջև»,- ասել է ՌԴ ղեկավարը՝ հավելելով, որ այս հարցի շուրջ նա արդեն մտքեր է փոխանակել Նիկոլ Փաշինյանի հետ և ավելի մանրամասն կխոսի չորեքշաբթի Երևանում կայանալիք երկկողմ հանդիպմանը։