Պուտինը հայտարարել է, որ միջազգային ահաբեկչության օջախը Սիրիայում փաստացիորեն չեզոքացվել է

3
Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի կողմից Իրանի եւ Թուրքիայի հետ համատեղ Սիրիայում կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքները ցույց են տալիս իրենց արդյունավետությունը. միջազգային ահաբեկչության օջախն այնտեղ փաստացի չեզոքացվել է: Այս մասին երկուշաբթի հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ռեժիմով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանը շարունակում է բուռն ջանքեր գործադրել «Սիրիայի Հանրապետությունում երկարաժամկետ կարգավորմանը նպաստելու, դրա ինքնիշխանությունը, անկախությունը, միասնությունն ու տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»:

«Այս կապակցությամբ չի կարելի չնշել Իրանից եւ Թուրքիայից մեր գործընկերների մասնակցությամբ իրականացված արդյունավետ աշխատանքը Աստանայի ձեւաչափի շրջանակներում,- նշել է Ռուսաստանի ղեկավարը:- Համատեղ ջանքերով մենք կարողացանք շատ բանի հասնել. Սիրիայում միջազգային ահաբեկչության օջախը փաստացիորեն վերացվել է»:

Բացի այդ, ըստ Պուտինի, Սիրիայում «բռնության մակարդակը նկատելիորեն իջեցվել է, խաղաղ կյանք է հաստատվում, եւ ներառական քաղաքական գործընթաց է ընթանում ՄԱԿ-ի հովանու ներքո»: