Պուտինը Բաց երկնքի պայմանագրից ՌԴ-ի դուրս գալու մասին օրինագիծ է ներկայացրել

33
Վլադիմիր Պուտին

Նախագահ Վլադիմիր Պուտինը Դումային ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության կողմից Բաց երկնքի պայմանագրի (ԲԵՊ) դենոնսացիայի մասին թիվ 1168313-7 օրինագիծը: Օրինագիծը հայտնվել է Դումայի բազայում:

Մայիսի 5-ին վարչապետ Միխայիլ Միշուստինը ստորագրել է կառավարության որոշումը այդ պայմանագրի դենոնսացիայի մասին առաջարկությունը նախագահին ներկայացնելու վերաբերյալ: Առաջարկվել է, որ այն բանից հետո, երբ կառավարությունը ԲԵՊ-ի դենոնսացիայի մասին օրինագիծը ներկայացնի նախագահին, փաստաթուղթը կհանձնեն Պետական Դումա: Մայիսի 9-ին Պուտինը արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովին նշանակել է Դումայում և Դաշնության խորհրդում այդ օրինագիծը քննարկելիս նախագահի ներկայացուցիչ:

Բաց երկնքի պայմանագիրն ստորագրվել է (ԲԵՊ, The Treaty on Open Skies) 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 23 անդամ-պետությունների ներկայացուցիչների կողմից:

Ռուսաստանը պայմանագիրը վավերացրել է 2001 թվականի մայիսի 26-ին: Մասնակից երկրներն իրավունք են ստանում թռչել միմյանց տարածքների շուրջը՝ ռազմական գործունեությունը վերահսկելու նպատակով: 2020 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ը դուրս է եկել ԲԵՊ-ից: 2021 թվականի հունվարին նմանօրինակ ընթացակարգ սկսելու մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը: Մոսկվան իր վերադարձը համաձայնագրին հնարավոր է համարել, եթե նույն բանն անի Վաշինգտոնը, սակայն ապրիլի վերջին ԱԳՆ-ում արձանագրել են, որ ամեն բան ընթանում է դեպի պայմանագրի վերացում, և հավելել, որ Ռուսաստանում ԲԵՊ-ի դենոնսացիայի ընթացակարգը կավարտվի մինչև մայիսի վերջը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: