ՊՆ-ն տեղեկատվություն չունի Բաքվից Մուրադովի ինքնաթիռով բերված դիակների և մասունքների վերաբերյալ․ Հետք

230
Զինվոր

Պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն չունի, թե արդյոք 2021 թվականի ապրիլի 8-ին Բաքվից Երևան ժամանած ինքնաթիռում եղել են 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված անձանց դիակներ կամ մասունքներ։ Այդ մասին պաշտպանական գերատեսչությունը հայտնել է «Հետք»-ի հարցմանն ի պատասխան։

2021 թվականի ապրիլի 8-ին համացանցում լուրեր տարածվեցին այն մասին, որ Բաքվից Երևան է ժամանում ռուսական խաղաղապահ առաքելության ինքնաթիռը, որը Հայաստան է տեղափոխում գերիների հերթական խմբին։ Լուրը նույնիսկ հաստատել էր այն ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Նժդեհ Հովսեփյանը։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ ինքնաթիռը դատարկ է վերադարձել, իսկ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Ռուստամ Մուրադովը հայտարարեց, որ գերիների վերադարձի շուրջ որևէ պայմանավորվածություն չի եղել՝ պնդելով, թե «կեղծ պրովոկացիա էր: Նրանք (խմբ. Հայաստանի իշխանությունները) թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը»։

Հաջորդած ամիսների ընթացքում որոշ լրատվամիջոցներ սկսեցին լուրեր տարածել այն մասին, որ ապրիլի 8-ին Բաքվից Երևան ժամանած ինքնաթիռով իրականում բերվել են զոհված զինծառայողների դիակներ և մասունքներ։

«Հետք»-ը հարցում ուղարկեց պաշտպանական գերատեսչությանը։ Վերջինից փորձում էինք ճշտել, թե արդյոք համապատասխանում է իրականությանն այն տեղեկատվությունը, որ ապրիլի 8-ին Բաքվից Երևան են տեղափոխվել զոհված զինծառայողների դիակներ ու մասունքներ։ Եթե այո, ապա քանի դիակ, արդյոք դրանց մեջ եղել են խեղված կամ անդամահատված դիակներ։ Բացի այդ, ՊՆ-ից հետաքրքրվել էինք, թե արդյոք նույնականացվել են այդ բոլոր դիակները և մասունքները։

Մեր հարցմանն ի պատասխան Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «հարցումն ուսումնասիրվել է համապատասխան ստորաբաժանման կողմից և համաձայն ուսումնասիրության արդյունքների՝ ՀՀ Պաշտպանության նախարարությունը նման տեղեկատվության չի տիրապետում»։ ՊՆ պատասխանը ստորագրված էր աշխատակազմի ղեկավար Արթուր Սարգսյանի անունով։

Ստացվում է, որ պաշտպանական գերատեսչությունը տեղեկատվություն չունի Բաքվից Երևան ժամանած ինքնաթիռում 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված անձանց դիակների կամ մասունքների հնարավոր առկայության վերաբերյալ՝ փաստացի չհերքելով, որ նման բան կարող է լինել։