ՊՆ-ն շարունակում է հերքումների քաղաքականությունը

105

Ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, որտեղ այսօր ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել, հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման նպատակով։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Հավելենք, որ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈՒ զրահատեխնիկա է մտել՝ չի համապատասխանում իրականությանը։

Նշենք, որ այսօր կեսօրին տելեգրամյան ալիքները լուրեր տարածեցին, որ թշնամին Սյունիքի ուղղությամբ 1-2 կմ առաջ է եկել զրահատեխնիկայով։ Հրապարակվեցին նաև լուսանկարներ։

Շատ ավելի ուշ ՊՆ-ն հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով որ նոյեմբերի 14-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։ Սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։ Իրադրությունը դեռևս շարունակում է լարված մնալ։

Ներկա պահին, ռուսական կողմի միջնորդությամբ, ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Հարց է առաջանում, եթե հայկական կողմը պահպանել է իր դիրքերը՝ ինչ են բանակցում ռուսական կողմի հետ։ Հենց այս հարցի պատասխանը չի հնչեցնում ՊՆ-ն՝ շարունակելով հերքումները և նույնանման տեքստերի հրապարակումները։