Դավիթ Գալստյանը երբեւէ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոն չի զբաղեցրել: «Հայկական ժամանակի» հարցմանն ի պատասխան այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Փետրվարի 17-ին աղբյուրը հարցում է ուղարկել նախարարություն՝ հետաքրքրվելով, թե Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) երբեւէ եղե՞լ է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, նաեւ, թե եթե չի եղել, ապա 2021 թվականի հոկտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի հետ ի՞նչ կարգավիճակով է գտնվել մարտական կառավարման կենտրոնում:
ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանից ստացված գրությունում մասնավորապես ասվում է. «Ի պատասխան 17.02.2021 թ. ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված ձեր գրության՝ հայտնում եմ, որ այն ուսումնասիրվել է համապատասխան ստորաբաժանումների կողմից:
Գրության մեջ բարձրացված առաջին հարցի վերաբերյալ հայտնում եմ, որ Դավիթ Գալստյանը երբեւէ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոն չի զբաղեցրել:
Իսկ ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա ներկայացված նկարում քննարկման առարկա է հանդիսացել գնումների գործընթացների շրջանակներում ՀՀ զինված ուժերի կարիքների համար անհրաժեշտ համապատասխան գույքի մատակարարման գործընթացը»:











