Օրերս ՄԱԿ-ի միջազգային դատարանում հայկական կողմը քարտեզ է ցուցադրել, որում արտացոլվում էր Ադրբեջանի կողմից բռնազավաթված Հայաստանի տարածքները։
Սակայն պաշտպանության նախարարությունը հրաժարվել է Sputnik Արմենիա-ին տրամադրել այն քարտեզները, որոնցում արտացոլվում են Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում ադրբեջանական օկուպացիայի ծավալները։
Լրատվամիջոցը խնդրել է ՊՆ-ին Գեղարքունիքի, Ջերմուկի, Իշխանասարի և Ներքին Հանդի շրջաններում Ադրբեջանի կողմից վերահսկվող ՀՀ տարածքների վերաբերյալ տվյալներ տրամադրել և պատասխանել՝ արդյոք իրականությանը համապատասխանում են տեղական իշխանության այն հայտարարությունները, որ Ներքին Հանդի շրջանում 2700 հա տարածք է օկուպացված։
Պաշտպանության նախարարությունը հրաժարվել է մեզ տվյալներ տրամադրել՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին (տվյալները պարունակում են պետական կամ ծառայողական գաղտնիք), ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ կառավարության` 1998 թվականի թիվ 173 որոշմամբ հաստատված ցանկի պահանջները (զինված ուժերի ռազմավարական ծավալման մասին տեղեկություններ, զորքերի զարգացման թվի, մարտական կազմի կամ քանակի, նրանց մարտական պատրաստականության, ինչպես նաև ռազմաքաղաքական և օպերատիվ իրադրության մասին տեղեկություններ):
Հատկանշական է, որ մի քանի օր առաջ ՄԱԿ-ի միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ հայցի քննարկման ժամանակ Հայաստանի ներկայացուցիչները ցուցադրեցին մի քարտեզ, որում նշված էին ադրբեջանական օկուպացիայի շրջանները, ինչը մինչ այդ չէր ներկայացվել հայ հանրությանը։
Ավելի մանրամասն քարտեզ տրամադրելու մեր խնդրանքին ի պատասխան ՊՆ-ից հայտնել են, որ դատարանում թեմատիկ քարտեզ է ներկայացվել, և առաջարկել են այդ քարտեզը ներբեռնել դատական նիստի ուղիղ հեռարձակման տեսանյութից։
«ՀՀ զինված ուժերում օգտագործվող խոշոր մասշտաբի տեղագրական քարտեզները համարվում են գաղտնի», – ավելացրել են գերատեսչությունում և մերժել մեր խնդրանքը՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջներին։