Նախքան արտահերթ խորհրդարանական ընտրություններ գնալը պետք է չեզոք կառավարում կազմակերպել երկրում՝ առանց Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։ Նա մանրամասներ ներկայացրեց իշխող ուժի ներսում տեղի ունեցած քննարկումներից, ասաց, որ քննարկվել է վարչապետին փոխելու հարցը, սակայն քաղաքական թիմը որոշել է, որ նպատակահարմար չէ Նիկոլ Փաշինյանին փոխարինել այլ անձով։
«Բնականաբար, Ազգային ժողովը պետք է ընտրի այդ անձին՝ երեք քաղաքական ուժերի և անկախ պատգամավորների համատեղ որոշման արդյունքում։ Սկզբնական շրջանում անգամ առաջարկ արեցինք, որ Իմ քայլի ներսից լինի ընտրությունը։ Ես անձամբ առաջարկ եմ արել խմբակցության ներսում, անունը չեմ ակրող ասել՝ զուտ չթիրախավորելու համար։ Թեկնածուների անուններ գեներացվել են այդ պահին, խոսվել է այդ պահին։ Բայց քաղաքական թիմը որոշել է, որ նպատակահարմար չի գտնում այս պահին որևէ կերպ փոխելու կառավարող ղեկավարին, քանի որ այս պահին դա նպատակահարմար չէ»,- ասաց Հովսեփյանը։ Նա հավելեց նաև, որ տարբեր անձանց կողմից առաջադրվել է նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի թեկնածությունը։
Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ եթե ուզում ենք կրկին արդար ու անկաշկանդ ընտրություններ կատարել, պետք է ժամանակավոր կառավարում ձևավորվի։











